Եվրոյին լուրջ փորձություն է սպասվում: Եթե Հունաստանի կառավարությունը հանրաքվեի դնի եվրոյի պահպանման հարցը, և որոշվի վերադառնալ ազգային արժույթին, ապա կարճաժամկետ առումով բավականին լուրջ ճնշումներ կարող են լինել, ու եվրոն համաշխարհային շուկայում դոլարի փոխարժեքի համեմատ դիրքերը կզիջի: Ինչպես «Առաջին լրատվականին» հայտնեց FOREX Club-ի վերլուծաբան Միքայել Վերդյանը, եվրոյի անկումը բավականին խորը կարող է լինել և դոլարի նկատմամբ հասնել 1.30-1.27 մակարդակի:
Սակայն, վերլուծաբանի խոսքով, այսօր կա մի ուրիշ, առավել կարևոր խնդիր՝ համաշխարհային տնտեսության աճի տեմպերի դանդաղեցումը, որն այս պահին եվրոյի թուլացման համար հիմնական ազդեցիկ ուժն է, որովհետև հատկապես երեկ, երբ տոկոսադրույքների վերաբերյալ ԱՄՆ դաշնային համակարգի նիստում չհայտարարվեց հերթական խթանող ծրագիրը սկսելու մասին, բորսային ու ապրանքային շուկաները բավականին լուրջ անկում գրանցեցին: Այսօր եվրոյի անկումը դոլարի նկատմամբ շարունակվում է, և այս պահին եվրոն համաշխարհային շուկայում դոլարի նկատմամբ 1.34 արժեքն ունի:
«Եվրոյի փոխարժեքի անկումը մեր տնտեսության համար վնասաբեր չի լինի, այլ եվրագոտում գործընկերների հետ համագործակցությունը կշահի, ապրանք բերելն ավելի էժան կլինի: Որևէ տեսակի ճնշումներ չենք սպասում: Եվրոյի անկման ֆոնի վրա ապրանքային շուկայում գները կնվազեն, ինչը կբերի գնաճային ճնշումների թուլացման»,- ասաց Մ.Վերդյանը:
Վերլուծաբանը միաժամանակ նկատեց, որ մյուս կողմից՝ համաշխարհային տնտեսության աճի տեմպերի դանդաղեցումը կազդի մեր տնտեսության վրա: ՀՀ-ն կախվածություն ունի տրանսֆերտային վճարներից, որոնք կպակասեն, որը մեր վճարային հաշվեկշռի վրա ճնշումներ կգործադրի, որովհետև ՀՀ տնտեսությունը, լինելով ներկրող, ունի դոլարի մեծ պահանջարկ, որի պակասող մասը ստիպված կլինենք ֆինանսավորել ԿԲ ռեզերվներից. «Դա մեզ համար շատ լուրջ խնդիր կարող է դառնալ, կարող ենք հայտնվել մեր տնտեսության զարգացման նվազման առջև, որովհետև կունենանք սպառողական ակտիվության բավականին լուրջ կորուստ»:










































