Պետական կամերային երաժշտական թատրոնն այսօր իր նոր թատերաշրջանը կբացի արդեն ավանդական դարձած «Անուշ» ներկայացմամբ: Դա արդեն ավանդույթի ուժ է ստացել` մեր թատերաշրջանները բացում ենք հայ դասականների ստեղծագործություններով: Այս մասին «Առաջին լրատվականի» հետ զրույցում հայտնեց թատրոնի տնօրեն-ղեկավար Դավիթ Հակոբյանը:
Նա տեղեկացրեց նաև, որ հոկտեմբերի վերջին թատրոնի խաղացանկը կհարստանա ևս 2 ներկայացումներով՝ մեկը «Հրեշը և գեղեցկուհին» հեքիաթի մոտիվներով մանկական երաժշտական ներկայացում է երեխաների համար (երաժշտության հեղ.`Արթուր Հակոբյան, ռեժիսոր`Արմեն Մարգարյան), որի անվանումը դեռ պարզ չէ:
Պրեմիերաներից մյուսը երաժշտական կատակերգություն է ու կոչվելու է «Լամբադա դիակի հետ»: Պիեսի հեղինակն անգլիացի դրամատուրգ Ռեյ Կունին է: Ներկայացումը կարող են դիտել միայն 18-ից բարձր անձինք: Գլխավոր դերերում հանդես կգան Արա Դեղտրիկյանն ու Դավիթ Հակոբյանը:
Մանկական ներկայացումների սկիզբը` ժ. 14:00-ին է, մեծահասակների համար նախատեսված ներկայացումներն սկսվում են երեկոյան ժ. 19:00-ին:







































