Չեչնիայի նախագահ Ռամզան Քադիրովը Գրոզնի է բերել Մուհամադ մարգարեի գավաթը: Այն տեղադրվել է քաղաքի կենտրոնական մզկիթում: Այս մասին հաղորդում է Interfax գործակալությունը:
«Հենց նոր մեզ մոտ է բերվել Մուհամադ մարգարեի գավաթը: Լոնդոնից Գրոզնի այն ուղեկցել են Բրիտանիայի մուսուլմանները: Այն սուրբ մասունք է համարվում արդեն ավելի քան 1400 տարի և ունի բազմադարյա պատմություն, որի իրական լինելը պաշտոնապես հաստատվել է: Մենք շատ ջանքեր ենք գործադրել, որպեսզի մեծ մարգարեի գավաթը հայտնվի մեր հանրապետությունում»,- ասել է Չեչնիայի ղեկավարը:
Բացի այդ, Չեչնիա են բերվել նաև երկու գորգեր, որոնցով երկար ժամանակ ծածկված է եղել Մուհամադ մարգարեի գերեզմանը: Քադիրովը պատմել է, որ մարգարեի մահից հետո գավաթը փոխանցվել է նրա սերունդներին, իսկ երբ վահաբիները սկսեցին հալածել մարգարեի ազգակիցներին, նրանք գավաթը Մեքքայից և Մադինայից տեղափոխեցին Մեծ Բրիտանիա: Հիմա այդ երեք մասունքները պահպանվելու են Չեչնիայում և տոն օրերին ներկայացվելու են երկրի գլխավոր մզկիթում:









































