Ինչպես հաղորդում է Regnum գործակալությունը, Ռուսաստանի և Հայաստանի էներգետիկ գերատեսչությունները նախապատրաստում են նոր ռազմավարական պայմանագրի ստորագրում: Սպասվում է, որ ստորագրման արարողությունը կայանալու է Երևանում Պուտինի այցելության ժամանակ, որն, ըստ լավատեղյակ աղբյուրների, կայանալու է այս տարվա նոյեմբերին, սակայն վերջնական պարզություն այս հարցում չկա:
Հրապարակման մեջ նշվում է, որ Ռուսաստանը հսկայական ծախսեր է կատարել Հայաստանի էներգետիկ համակարգում, սակայն դրանք օգուտներ չեն բերում, քանի որ հենված են եղել ավելի շատ քաղաքական, քան տնտեսական հաշվարկների վրա: Մասնավորապես նշվում է, որ էներգետիկ արտադրանքի ավելցուկը հնարավոր չի լինում սպառել, քանի որ Հայաստանը հարաբերություններ չունի Թուրքիայի և Ադրբեջանի հետ, Վրաստանն ամերիկյան կողմի օգնությամբ զարգացնում է իր սեփական էներգետիկ ոլորտը, իսկ Իրան էլեկտրաէներգիայի առաքումը կրում է սեզոնային բնույթ:
Նշվում է նաև, որ Ռուսաստանը պատրաստվում է նոր ռազմավարական համաձայնագրով փոխել իրավիճակը, սակայն մանրամասներ չեն բերվում: Անդրադարձ կա նաև Որոտանի ՀԷԿ-ը Ռուսաստանին անցնելու հավանականությանը` որպես փոխհատուցում Ռուսաստանից ստացվող էժան գազի դիմաց, ինչպես նաև «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության բաժնետոմսերի 20%-ը ֆրանսիական ընկերությանը վաճառելու հնարավորությանը, ինչի մասին գրվել է հայկական մամուլում: Ներկայումս «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության բաժնետոմսերի վերահսկող փաթեթը նույնպես տնօրինում է ռուսական ընկերությունը:









































