Այսօր գործադիրն իր «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ին անհատույց օգտագործման իրավունքով հողամաս տրամադրելու ավելի վաղ ընդունած որոշման մեջ կատարել է փոփոխություն` 0.30 հեկտարով ավելացնելով նշված հողամասի տարածքը։ Վարչապետ Տիգրան Սարգսյանի դիտարկմամբ՝ այս որոշումով մի նոր ծրագիր է սկիզբ առնում. «Օդանավակայանում ազատ տնտեսական գոտի կառուցելու համար անհրաժեշտ է երկու բնակելի շենք այնտեղից դուրս բերել։ Մենք կոնցեսիոներին տրամադրում ենք նոր տարածք, նա այնտեղ կառուցելու է բնակարաններ, որտեղ կտեղափոխվեն բնակիչները, իսկ ազատված երկու շենքերի տարածքում ձևավորվելու է ազատ տնտեսական գոտի։ Այս որոշման նպատակը դա է»։
Կառավարության մեկ այլ որոշմամբ՝
լրացվել և փոփոխվել է կառավարության ավելի վաղ ընդունած ևս մեկ որոշում, որով վիճակախաղերի կազմակերպիչների կողմից ՀՀ կառավարության լիազորված մարմին ներկայացվող տեղեկությունների (հաշվետվությունների) ձևերից հանվել են «Կ.Տ.» բառերը, այսինքն՝ դրանց կնքված լինելը կազմակերպչի կնիքով այլևս պարտադիր պահանջ չի համարվում։ Որոշման ընդունմամբ կբարելավվի գործարար միջավայրը, կհեշտանա իրավաբանական և ֆիզիկական անձանց համար օրենսդրությամբ սահմանված պարտավորությունների կատարումը։
Սակայն կնիքների օգտագործման իներցիան, ՀՀ վարչապետի ասելով, մեզանում բավական մեծ է։ «Չնայած այն հանգամանքին, որ մենք բոլոր օրենքներից և նորմատիվային ակտերից այդ պահանջը հանել ենք, տնտեսվարող սուբյեկտներն այդ կնիքները կամավոր շարունակում են օգտագործել։ Այստեղ անհրաժեշտ է նաև Կենտրոնական բանկի օժանդակությունը, որովհետև առևտրային բանկերը նույնպես այդ պրակտիկան շարունակում են»,- նշել է Տիգրան Սարգսյանը։








































