Грузия Online-ի փոխանցմամբ՝ Եվրախորհրդարանն ընդունել է Սև ծովում ձկնորսության սահմանափակման մասին բանաձևը՝ հաշվի առնելով ծովի բնապահպանական վիճակը։ Այդ բանաձևով ափամերձ երկրներին կոչ է արվում տարածաշրջանային մակարդակով նոր համատեղ քաղաքականություն մշակել Սև ծովի ձկնային պաշարների պահպանման ուղղությամբ, որոնք հայտնվել են անհետացման եզրին։
Ըստ Եվրախորհրդարանի համապատասխան զեկուցողների՝ ձկնորսության չափազանց ակտիվ լինելու պատճառով Սև ծովը կարող է վերածվել մեռյալ ծովի։ Դրան նպաստում են նաև ինտենսիվ ձկնորսությունից բխող տարբեր տիպի հիվանդությունները, կլիմայական փոփոխություններն ու շրջակա միջավայրի աղտոտվածությունը։
ԵՄ-ը իր կազմում չներառված ափամերձ երկրներին կոչ է արել ստեղծել համապատասխան աշխատանքային խմբեր։ Դա առաջին հերթին վերաբերում է Ռուսաստանին և Թուրքիային, ինչպես նաև Վրաստանին և Ուկրաինային։
Հիշեցնենք, որ Սև ծովում ապրում է 2500 կենդանատեսակ և 270 բուսատեսակ։









































