Թուրքական Hürriyet թերթի փոխանցմամբ՝ ամերիկյան Noble Energy ընկերությունը Միջերկրական ծովում ավարտել է «Աֆրոդիտա» պլատֆորմի հորատման աշխատանքների առաջին փուլը։ Առաջին փուլում հորատումն իրականացվել է 70-80 մետր խորությամբ։
Երկրորդ փուլում հորատման խորությունը կազմելու է 940 մետր։ Սակայն ամերիկյան ընկերությունը մտադիր է հորատումներ կատարել մինչև 5800 մետր խորություն։ Դրա համար պահանջվում է 73 օր։
Հիշեցնենք, որ ավելի վաղ եվրոպական հարցերով թուրք պետնախարար, ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության գծով գլխավոր բանագնաց Էգեմեն Բաղըշը հանդես էր եկել Կիպրոսի հանդեպ ակնհայտ սպառնալիքներով՝ հայտարարելով, որ եթե նա հորատում իրականացնի, Թուրքիան դրան ռազմական պատասխան կտա.
«Մեր ռազմանավերը կտեղակայվեն տվյալ տարածաշրջանում։ Հենց դրա համար ենք մենք ստեղծել հզոր բանակ, և հենց դրա համար ենք մարզում մեր զինվորներին։ Նրանք չեն կարող հորատում անցկացնել այն վայրում, որը չի պատկանում իրենց»։







































