Ամերիկյան «Պրագմա» կորպորացիան հաղթել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայտարարած մրցույթում: ՀՀ-ում մրցունակության բարձրացմանն ուղղված «Ձեռնարկությունների աջակցման հիմնադրամ» կոչվող նոր 5-ամյա ծրագիրը փոխարինելու է «Մրցունակ մասնավոր հատված Հայաստանում» (USAID/CAPS) ծրագրին, որն ավարտվել էր այս տարի գարնանը:
«Պրագմա» կորպորացիայի փոխնախագահ Ջոն Դիֆայն «Առաջին լրատվական»-ին հայտնեց, որ ծրագրի մեկնարկի մասին պաշտոնապես կհայտարարվի այս ամսվա վերջին:
USAID-ի այս նոր ծրագիրը նպատակ ունի զարգացնել արժեշղթաներ՝ մրցունակության բարձրացմանն ու ներդրումների ավելացմանը նպաստելու համար: Այն իրականացնելու է աշխատաշուկայի ուսումնասիրություններ՝ ապահովելու համար որակյալ աշխատուժ արժեշղթաների համար, հիմնադրելու է ձեռնարկատիրության և գործարար կառավարման զարգացման կենտրոն, աշխատելու է բանկային համակարգի հետ՝ ֆինանսավորումը կազմակերպությունների համար ավելի հասանելի դարձնելու համար, հատկացնելու է 0.5-3 մլն դոլար գումարի վարկավորում և այլն: Ծրագիրը շատ հաջողված է Բալկանյան և մի շարք այլ երկրներում: