Ադրբեջանական 1news.az-ի փոխանցմամբ՝ Ադրբեջանի Հանրապետության պետական նավթային ընկերության (SOCAR) ղեկավար Ռովնագ Աբդուլաևը Բաքվում տեղի ունեցած Gas Infrastructure World Caspian կոնֆերանսի ժամանակ հայտարարել է, որ 2012 թվականին Ադրբեջանն ավելացնելու է նավթի արդյունահանման ծավալը.
«2011 թվականին Ադրբեջանում նավթարդյունահանման ծավալն անկում էր ապրել «Ազերի-Չըրաղ-Գյունշելի» նավթային (նավթագազային) հանքավայրերի խմբում ընթացող վերանորոգման աշխատանքների պատճառով։ Սակայն հաջորդ տարի մենք կավելացնենք նավթարդյունահանման ծավալը։ Ընդ որում, ներկայումս կարիք չկա, որ Ադրբեջանը տարեկան արդյունահանի 50 միլիոն տոննայից ավելի նավթ։
Ինչ վերաբերում է գազի արդյունահանմանը, ապա 2012 թվականին Ադրբեջանում կարդյունահանվի 26-27 միլիարդ խորանարդ մետր գազ, ինչը համապատասխանում է նախկին մակարդակին»։
Հիշեցնենք, որ «Ազերի-Չըրաղ-Գյունշելի» նավթային հանքավայրերի խումբը գտնվում է Բաքվից 90 կիլոմետր դեպի արևելք։ «Գյունշելի»-ն հայտնաբերվել է 1981 թվականին, «Չըրաղ»-ը՝ 1985 թվականին, իսկ «Ազերի»-ն՝ 1987 թվականին։ Նրանց նավթային պաշարները գնահատվում են 500 միլիոն տոննա։





































