Մեկ մարդու կորուստն էլ թանկ է ինձ համար, եթե անգամ ծանոթ չէ անձամբ: Ես ցավ եմ զգում ամեն զոհի համար: Բոլորն ինձ համար թանկ են` սկսած Կարեն Դեմիրճյանից, Վազգեն Սարգսյանից, վերջացրած մեր վերջին պատգամավորից, որոնք ոչ մի մեղք չունեին և 1999թ. հոկտեմբերի 27-ին հայտնվեցին կողք կողքի շարված: «Առաջին լրատվականի» հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Աստղիկ Գևորգյանը` տարիների հեռվից հայացք գցելով 20-ամյա Հայաստանի անկախության տարիներին մարդկային ամենամեծ կորուստներին:
«Դա ամենամեծ խայտառակությունն է և բաց վերքը: Ամեն հեղափոխության ժամանակ զոհերն անխուսափելի են լինում, սակայն ուրիշ բան, որ կարելի էր ընդհանրապես խուսափել զոհերից»,- նշեց նա` հավելելով, թե ցավ է զգում մեր զոհված ազատամարտիկների համար, որոնք իրենց արյան գնով անկախություն պարգևեցին մեզ:
«Ամեն մի տան ճրագ, որ հանգել է, ինձ համար ցավ է: Մոնթեի, «Ոսկե գրչի» դափնեկիր Սամվել Շահմուրադյանի, Թաթուլ Կրպեյանի կորուստը ցավ է»,- խոսքը եզրափակեց Ա.Գևորգյանը:







































