Մայրաքաղաքի հյուրանոցները գերլցված են: «Առաջին լրատվական»-ի փոքրիկ հարցախույզի արդյունքում պարզվեց, որ շատ տեղերում հյուրանոցների համարները սեպտեմբերի 21-ի համար դեռ 1 ամիս առաջ են պատվիրել: Միայն «Էրեբունի» հյուրանոցում նշեցին, որ իրենց հյուրերը Անկախության տոնակատարությունների հետ առնչություն չունեն:
«Արարատ» հյուրանոցի մենեջերը հայտնեց, որ հյուրանոցն արդեն 1 ամիս է, ինչ ամբողջովին զբաղված է, սակայն սեպտեմբերը «սեզոն» է, և զբոսաշրջիկներ միշտ շատ են լինում: «Արմենիա Մարիոթ»-ում նշեցին, որ թեև ամեն տարի այս ժամանակաշրջանում հյուրերը շատ են լինում, սակայն այս տարի ավելի շատ են: «Ավիատրանս»-ում անցած տարվա համեմատ հյուրերի թվի բավական մեծ տարբերություն են զգում: 100%-ով զբաղված է նաև «Հրազդան» հյուրանոցը:
Հարցին՝ արդյոք պահանջարկի ավելացումը չի՞ ազդել գների վրա, և դրանք չեն բարձրացե՞լ հատուկ տոնակատարություններից առաջ, ի պատասխան բոլոր հյուրանոցներում հավաստիացրին, որ ոչ, գները պահպանվել են սովորական մակարդակին: Սակայն նկատենք, որ հյուրանոցների ներկայիս գները էականորեն տարբերվում են զբոսաշրջային ծառայություններ մատուցող ընկերություններից մեկի կայքում տեղադրված՝ հուլիս-հոկտեմբեր ժամանակաշրջանի սակագներից: Այսպես. «Անի»-ում հայտնեցին, որ այժմ մեկտեղանոց էկոնոմ դասի համարն արժե 41 հազ. դրամ, մինչդեռ, ըստ կայքի, 32 հազ. դրամ է, էկոնոմ երկտեղանոցը՝ 51 հազ. դրամ, ըստ կայքի՝ 42 հազ. դրամ: «Արարատ»-ում մեկտեղանոց համարն արժե 58 հազ. դրամ (ըստ կայքի՝ 39 հազ. դրամ), երկտեղանոցը՝ 62 հազ. դրամ (ըստ կայքի՝ 44 հազ. դրամ), «Արմենիա Մարիոթ»-ում՝ դելյուքս մեկտեղանոցը 135 հազ. դրամ+ԱԱՀ (ըստ կայքի՝ 111 հազ. դրամ), «Էրեբունի»-ում մեկտեղանոց համարն արժե 30 հազ. դրամ (ըստ կայքի՝ 26 հազ. դրամ), երկտեղանոցը՝ 36 հազ. դրամ (ըստ կայքի՝ 32 հազ. դրամ):







































