Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանում Facebook սոցիալական ցանցից օգտվողների քանակը ներկայումս կազմում է 506,780 մարդ։ Այդ ցուցանիշով Ադրբեջանն աշխարհում զբաղեցնում է 93-րդ տեղը։ Վերջին 4 ամիսներին այս սոցիալական ցանցից օգտվող ադրբեջանցիների քանակն ավելացել է 105,180-ով։
Ներկայումս Facebook սոցիալական ցանցից է օգտվում Ադրբեջանի բնակչության 6.1 տոկոսը, նրանց 64 տոկոսը տղամարդիկ են, իսկ 36 տոկոսը՝ կանայք։ Տարիքային առումով սոցցանցից ամենից շատ օգտվում են 18-24 տարեկանները՝ 47 տոկոս, 25-34 տարեկանները կազմում են 24 տոկոս, 16-17 տարեկանները՝ 12 տոկոս, 35-44 տարեկանները՝ 6 տոկոս, 45-54 տարեկանները՝ 2 տոկոս, իսկ 55-64 և 65-ից բարձր տարեկանները՝ մեկական տոկոս։
Facebook-ից օգտվողների քանակով Ադրբեջանը գերազանցում է ԱՊՀ հետևյալ երկրներին՝ Ղազախստան (309,920 մարդ), Բելառուս (319,640), Հայաստան (208,880), Մոլդովա (204,320), Ուզբեկստան (86,280), Ղրղզստան (51,620), Տաջիկստան (22,620) և Թուրքմենստան (12,360)։
Facebook-ից օգտվողների ցուցանիշով աշխարհի առաջատար հնգյակում են ընդգրկվել ԱՄՆ-ը, Ինդոնեզիան, Հնդկաստանը, Թուրքիան և Մեծ Բրիտանիան։ Ընդհանուր առմամբ, համայն աշխարհում Facebook սոցցանցից օգտվողների քանակը կազմում է ավելի քան 759.1 միլիոն մարդ։
Հիշեցնենք, որ Facebook սոցիալական ցանցը ստեղծվել է 2004 թվականի փետրվարի 4-ին։ Սոցցանցի հեղինակը Մարկ Ցուկերբերգն է, ինչի շնորհիվ նա 23 տարեկանում դարձավ մոլորակի ամենաերիտասարդ միլիարդատերը։









































