Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեն Նյու Յորքում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունի հետ։ Հանդիպումից հետո Վրաստանի դիվանագիտական ծառայության ղեկավարը հայտարարել է, որ հանդիպման ժամանակ Բան Կի Մունին ներկայացրել է իր մտահոգությունները՝ կապված Աբխազիայում և Հարավային Օսիայում, ուր վրացական բնակչությունը ենթարկվում է հալածանքների, մարդու իրավունքների դրության հետ.
«Ես նաև ներկայացրի այդ շրջանների ռազմականացմանն առնչվող իմ մտահոգությունները։ Աբխազիայում և Հարավային Օսիայում տեղի է ունենում Ռուսաստանի զինված ուժերի կենտրոնացում։ Մենք քննարկեցինք նաև Վրաստանի տարածքում առկա հակամարտությունների կարգավորման և դրանում ՄԱԿ-ի դերակատարության հարցերը»։
Հիշեցնենք, որ ՄԱԿ-ը ներառված է 2008 թվականի օգոստոսին տեղի ունեցած ռուս-վրացական պատերազմից հետո մեկնարկած ժնևյան բանակցություններում, որոնց մասնակցում են նաև Աբխազիայի, Հարավային Օսիայի, Վրաստանի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի, ԵՄ-ի ու ԵԱՀԿ-ի ներկայացուցիչները։









































