Եմենի մայրաքաղաք Սանայում արդեն երկու օր շարունակ ցուցարարների և զինվորականների միջև բախումներ են տեղի ունենում, ինչի արդյունքում զոհերի թիվը հասել է 26-ի, 50 մարդ վիրավորվել է:
Ինչպես հայտնում է Reuters-ը, դիպուկահարների կողմից սպանվել է 3 մարդ, այդ թվում՝ մի երեխա: «Ես մեքենայից դուրս եկա սնունդ և ջուր գնելու, երբ լսեցի ավագ որդուս ճիչը, դուրս եկա և տեսա, որ փոքր որդուս սպանել են` կրակելով նրա գլխին»,- հայտնել է Սանայի բնակիչներից մեկը:
Նախօրեին Եմենում 100 հազար մարդու մասնակցությամբ վերսկսվել են բողոքի ցույցերը: Եմենցիները պահանջում են նախագահ Ալի Աբդուլլահ Սալեհի հրաժարականը, ով հայտարարել է, որ կհեռանա պաշտոնից միայն արտահերթ ընտրություններից հետո, որոնք կկայանան մոտակա երեք ամիսների ընթացքում:
Սա հրաժարական տալու մասին նախագահ Սալեհի արդեն 4-րդ խոստումն է:







































