«Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում այսօր հյուրընկալված «Սասուն» ջոկատի հրամանատար, ՀԱԿ անդամ Սասուն Միքայելյանը, ով անդրադարձավ ՀՀ անկախության 20 տարիների ձեռքբերումների և կորուստների թեմային, խոսեց նաև ներքաղաքական հարցերի մասին` նշելով, որ չի հավատում, թե երկխոսությունն արդյունք կտա: «Պահի տակ իշխանությունները «քցելու» են»,- նկատեց Սասուն Միքայելյանը` հավելելով, որ եթե լեգիտիմ իշխանություն ձևավորվի, ապա այն արդեն վստահություն կներշնչի հասարակությանը:
Արդյոք վատ չի՞ զգում, որ այսօր Տիգրան Առաքելյանն էլ է քաղբանտարկյալ, Սասուն Միքայելյանն էլ` հարցրեցին լրագրողները, ինչին բանախոսը պատասխանեց, որ` ոչ, բոլորովին էլ վատ չի զգում, իշխանությունները պետք է վատ զգան, որ երիտասարդներին լցնում են բանտերը:
«Այսօր գերադասում եմ նորմալ ձևով իշխանափոխություն լինի»,- նշեց Ս. Միքայելյանը` պատասխանելով «Առաջին լրատավական»-ի հարցին, թե, այնուամենայնիվ, նա ՀԱԿ-ի կողմից մարտավարության կոշտացմա՞ն կողմնակից է, թե՞ երկխոսության: Նա նաև նշեց, որ եթե այսպես շարունակվի, ապա ՀԱԿ-ը հանրահավաքային փուլի կանցնի. «Ես ուզում եմ այս երկիրը փրկենք, ոչ թե մեր անհատական հարցերը լուծենք: Ես իմ ուղիներով, իմ ճանապարհով եմ գնում, եթե իմ հարցերը ուզեի լուծել, կմնայի իշխանության ներսում, ոչ թե կհայտնվեի ճաղերի հետևում»,- ասաց Ս. Միքայելյանը:
«Եթե այսօր իշխանությունները չեն գնում նորմալ երկխոսության, ինչու՞ գնայինք բաժակ խփելու»,- նշեց Սասուն Միքայելյանը` անդրադառնալով այն հարցին, թե ինչու՞ Առաջին նախագահը չընդունեց անկախության տոնին մասնակցելու Սերժ Սարգսյանի հրավերը:








































