«Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում այսօր հյուրընկալվել էր «Սասուն» ջոկատի հրամանատար, ՀԱԿ անդամ Սասուն Միքայելյանը, ով խոսեց ՀՀ անկախության 20 տարիների ձեռքբերումների և կորուստների մասին:
Սասուն Միքայելյանը նախ` որպես ձեռքբերում մատնանշեց այն, որ հասել ենք մեր դարավոր երազանքին` հողերի ազատագրումն ադրբեջանցիներից, հասել ենք անկախության, իսկ ժամանակի ընթացքում պետք է ձգտենք լուծել մեր երկրի մնացած բոլորը խնդիրները:
Ռազմական գործողությունների վերսկսման հավանականությունը նա անխուսափելի համարեց, և նշեց, որ պետք է համախմբված լինենք և պատրաստ, թեև ինքը կարծում է, որ դրսին դա անհրաժեշտ չէ: «Հայոց բանակի ուժը կախված է մեր միասնությունից»,- ասաց Ս. Միքայելյանը` հավելելով, որ բանակը սիրելով չի հզորանում, այլ պետք է երկիրը հզորանա տնտեսապես, սոցիալապես և համախմբվածությամբ:
Նա չցանկացավ անդրադառնալ բանակում այսօր տիրող իրավիճակին, նշեց, որ շատ ծանր է տանում կատարվողը, իսկ Սեյրան Օհանյանի հրաժարականը ոչինչ չի փոխի: «Համակարգը պետք է փոխվի»,- ասաց նա` նկատելով, որ Ս. Օհանյանն իր մարտական ընկերն է եղել:
«Այսօր Եռաբլուրում տղաներն են թաղված, սպարապետն է թաղված, մինչդեռ այսօրվա զինվորը չի ընկալում, թե ինչու նրանք չեն մեծարվում, գնահատվում` ըստ արժանվույն»,- իր մտահոգությունը հայտնեց Ս. Միքայելյանը:









































