ԱՄՆ ՊՆ լրատվական կայքի հաղորդմամբ՝ ԱՄՆ զինված ուժերի ընդհանուր շտաբի հրամանատար Մայք Մուլենը մտահոգություն է հայտնել Իրանի և ԱՄՆ-ի միջև հարաբերություների բացակայության առնչությամբ:
Մուլենի փոխանցմամբ՝ անգամ 60-ականներին ԱՄՆ-ի և Խորհրդային միության ղեկավարությունը հարաբերություններ ունեին միմյանց հետ, և թեժ գիծ էր աշխատում Կրեմլի ու Սպիտակ տան միջև: Բայց 70-ականներից ի վեր ԱՄՆ-ի ու Իրանի ղեկավարությունը ոչ մի հարաբերություն չունեն միմյանց հետ, և դա կարող է վտանգավոր լինել տարածաշրջանի ու միջազգային անվտանգության համար:
Թեև Մայք Մուլենը մտահոգություն է հայտնում ԱՄՆ-ի և Իրանի միջև հարաբերությունների բացակայության մասին, բայց վերջին 30 տարիների ընթացքում բազմիցս լուրեր են շրջանառվել, թե Իրանի և ԱՄՆ-ի իշխանությունները գաղտնի հանդիպումներ են ունեցել միմյանց հետ: Փորձագետները որպես օրինակ նշում են 2001-ին տեղի ունեցած երկկողմ գաղտնի հանդիպումը, որտեղ կողմերը համաձայնուըյան եկան Իրանի օդային տարածքը օգտագործել Աֆղանստանին հարվածելու համար:










































