Ինչպես հայտնում է PCNews-ը, YouTube վիդեոհոսթինգում արդեն հասանելի են տեսանյութերի խմբագրման գործիքներ: Այժմ օգտագործողները կկարողանան բարձրացնել տեղադրված հոլովակների որակը, հատկապես` եթե դրանք նկարահանվել են հեռախոսով:
Օգտագործողները կկարողանան նաև կարգավորել տեսանյութերի լուսավորությունը, գունային երանգները և այլն: Խմբագրելուց հետո տեսանյութերի մեկնաբանություններն ու դիտումները կպահպանվեն:
Տեսանյութերին կարելի է նաև հաղորդել տարբեր էֆեկտներ, ինչպիսիք առաջարկում է Instagram նկարների ծառայությունը: Հոլովակները կարելի է դարձնել սև ու սպիտակ, մուլտֆիլմի տեսքով և այլն:
Արված փոփոխությունները կարելի է նաև չեղյալ համարել՝ վերադարձնելով տեսանյութի սկզբնական վիճակը: Ցանկության դեպքում կարելի է հոլովակը պահպանել որպես պատճեն՝ սեղմելով «Save as» կոճակը:
Խմբագրելու համար պետք է սեղմել «Edit video» կոճակին, որը տեղակայված է էջի վերին հատվածում: Նոր ֆունկցիան գործարկվել է վերջերս, այդ իսկ պատճառով այն կարող է առայժմ հասանելի լինել միայն օգտագործողների մի մասին:







































