Եգիպտոսի ռազմական ժամանակավոր իշխանությունները հրապարակել են պառլամենտական ընտրությունների ժամկետները: Հասարակական ճնշումների ներքո զինվորականները, ի վերջո, հայտարարել են, որ երկրի օրենսդիր մարմնի ստորին պալատի ընտրությունները կկայանան նոյեմբերի 21-ին, իսկ վերին պալատինը` (Շուրա)` 2012 թ. հունվարի 22-ին:
Ինչպես նշում են եգիպտական լրատվամիջոցները, երկրի կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմամբ ընտրությունները կկայանան 3 փուլով` նոյեմբերի 21-ից հունվարի 3-ը կընտրվի ստորին պալատը, իսկ հունվարի 22-ից մարտի 4-ը կկազմվի նաև Շուրան: Այս ընտրություններում այլևս անհնար կլինի նախկինի պես առաջադրվել մեծամասնական կարգով: Բոլոր թեկնածուները պետք է լինեն կուսակցականներ, կամ ընդգրկված լինեն կուսակցությունների ցուցակներում: Մասնագետների կարծիքով՝ նման որոշում կայացվել է այն բանի համար, որպեսզի իշխող նախկին կուսակցության անդամները հնարավորություն չունենան մասնակցել նոր ընտրություններին, քանի որ Մուբարաքի «Ազգային դեմոկրատական կուսակցության» գործունեությունը հեղափոխությունից հետո օրենքով արգելվել է:
Ընտրություններին կմասնակցեն նաև Եգիպտոսում բավականին լուրջ ընտրազանգված ունեցող «Մուսուլման եղբայրները»: Իսլամիստական այս կազմակերպությունը, որի գործունեությունը 1954 թվականից արգելված էր Եգիպտոսում, հունվարյան հեղափոխությունից հետո` 2011 թ. ապրիլի 30-ին «Ազատություն և արդարություն» անունով քաղաքական կուսակցություն էր կազմավորել և շատերի համար անսպասելիորեն կուսակցությանն անդամագրվելու համար հրավիրել էր նույնիսկ քրիստոնյա ղպտիներին: Մասնագետները նշում են, որ իսլամիստները, ովքեր տասնամյակներ շարունակ հալածված են եղել Մուբարաքի ռեժիմի կողմից, կարող են լուրջ ներկայություն ունենալ ապագա պառլամենտում:









































