Ռուսական Regnum լրատվական գործակալությա նփոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երեկ Թունիսից այցելել է Լիբիա։ Լիբիայում Էրդողանը Մուամար Քադաֆիի համակիրներին կոչ է արել դադարեցնել դիմադրությունը, չթափել այլ լիբիացիների արյունը և փոխարենը մասնակցել երկրի զարգացմանը։
Տրիպոլիում ելույթ ունենալով ամբոխի առջև՝ Էրդողանը հայտարարել է, որ ոչ մի կառավարություն չի կարող կանգնել ժողովրդի ճանապարհին. «Ավտորիտար ռեժիմների ժամանակը տարածաշրջանում մոտենում է իր ավարտին, տոտալիտարիզմը սպառել է իրեն։ 21-րդ դարում մարդիկ ցանկանում են ապրել ազատ երկրում։
Արյամբ հնարավոր չէ երկար ժամանակ իշխանություն պահել, սեփական ժողովրդի արյունը թափող առաջնորդները վաղ թե ուշ հեռանում են։ Լիբիացիներն ապացուցել են, որ իրենք կարող են ազատ ապրել։ Մենք աջակցում ենք տարածաշրջանի փոփոխություններին»։







































