Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը X սոցցանցի իր միկրոբլոգում շնորհավորել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեւին, որը փետրվարի 9-ին ստանձնել է այդ պաշտոնը: Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել, որ ընդհանուր արժեքների, բարեկամության եւ ժողովրդավարական գաղափարների վրա հիմնված ռազմավարական գործընկերությունը կշարունակի ընդլայնվել: Այդ գործընկերության մասին հռչակագիր Հայաստանն ու Վրաստանը ստորագրեցին ընդամենը օրեր առաջ, երբ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այց կատարեց Վրաստան:
Հենց այդ այցից եւ ռազմավարական գործընկերության հռչակագրի ստորագրումից մեկ-երկու օր անց հայտնի դարձավ, որ Վրաստանում վարչապետ է փոխվում՝ Իրակլի Ղարիբաշվիլին տեղը զիջում է Վրացական երազանք կառավարող կուսակցության ղեկավար Կոբախիձեին: Թե Վրաստանում, թե դրանից դուրս չկա կասկած, որ այդ փոփոխությունը ակտիվ քաղաքականություն վերադարձած, Վրացական երազանքի հիմնադիր եւ իրական առաջնորդ Բիձինա Իվանիշվիլու որոշումն է: Ընդ որում, ինչպես հնարավոր է դատել իրողությունների տրամաբանությունից, ինչպես նաեւ վրացական փորձագիտական եւ որոշակի քաղաքական շրջանակների արձագանքից, այդ փոփոխությունն ունի թե ներքին, թե արտաքին մոտիվներ:
Արդյո՞ք նշանակություն ուներ Հայաստանի հետ ռազմավարական հռչակագրի ստորագրումը, թե՞ դա այսպես ասած համընկավ ժամանակագրական իմաստով: Դժվար է մտածել, որ Իվանիշվիլին դեմ էր այդպիսի հռչակագրի, իսկ Ղարիբաշվիլին ստորագրեց ծածուկ կամ հաշվի չառնելով նրա դիրքորոշումը: Հետեւաբար, բուն ռազմավարական գործընկերության հռչակագրի առումով Վրաստանի վարչապետի փոփոխությունը հազիվ թե կարող է էապես փոխել Վրաստանի դիրքորոշումը եւ մտադրությունները: Հետեւաբար, եթե այդտեղ եղել են գործնական զարգացման մտքեր եւ պատրաստակամություն, ապա Թբիլիսին թերեւս կշարունակի դա:
Ամբողջ հարցն այն է, թե ավելի լայն իմաստով ինչ է փոխվելու Վրաստանի քաղաքականության մեջ արտաքին հարցերի, աշխարհաքաղաքականության, այդ համատեքստում ռեգիոնալ քաղաքականության առումով: Հայաստան-Վրաստան ռազմավարական գործակցության հռչակագրի «ճակատագիրը» եւ հեռանկարը ենթակա է լինելու ահա այդ փոփոխություններին: Կոբախիձեւի նշանակումը ենթադրելու է այսպես ասած եվրաատլանտյան կուրսի խորացում եւ ինտենսիվացու՞մ, թե՞ հակառակը՝ Ղարիբաշվիլին վերջին ամիսներին կարծես թե դրսեւորեց նժարի այդ ուղղությամբ «ծանրանալու» հակում, ինչը Իվանիշվիլիի մոտ առաջացրեց Վրաստանի հավասարակաշռության քաղաքականության խախտման ռիսկեր, որոնք չեզոքացնելու կամ կառավարելու համար էլ կատարվեց վարչապետի փոփոխությունը:
Ի դեպ, Իրակլի Կոբախիձեն այդ առումով աչքի է ընկել եվրաատլանտյան ուղղությամբ ավելի չոր արտահայտություններով՝ ի տարբերություն Ղարիբաշվիլու, երբ այդ ուղղությունից հնչում էին մեղադրանքներ եւ դիտողություններ Վրաստանի հասցեին, մասնավորապես որ չի միանում ՌԴ դեմ պատժամիջոցներին: Սա նշանակում է, որ Կոբախիձեի վարչապետությունը ենթադրելու է այդ «չորության» տեղափոխում գործադիր իշխանությա՞ն վարքագիծ:







































