Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ով գտնվում է Լիբիայում, կոչ է արել Սիրթում և Բանի Վալիդում գտնվող` Մուամար Քադաֆիի կողմնակիցներին «լիբիացիների արյուն չթափել, գրկախառնվել միմյանց հետ և նպաստել երկրի զարգացմանը»:
Ելույթ ունենալով Տրիպոլիի կենտրոնական հրապարակում` Էրդողանը հայտարարել է, որ ավտորիտար ռեժիմների ժամանակներն անցյալում են, և ոչ մի կառավարություն այլևս չի կարող կանգնել ժողովրդի ճանապարհին: Ինչպես նշում է BBC-ն, Էրդողանը, արաբական երկրներ այցելելով, փորձում է ցույց տալ Թուրքիայի ժողովրդավարության առավելությունները, որտեղ միախառնվել են չափավոր իսլամն ու աշխարհիկությունը:
Հիշեցնենք, որ Լիբիայի Ազգային անցումային խորհրդի նախագահ, Լիբիայի փաստացի ղեկավար Մուստաֆա Աբդ Ալ-Ջալիլը երեկ հայտարարել էր. «Շատ մեծ է այն պատասխանատվությունը, որ Մերձավոր Արևելքում ու իսլամական աշխարհում ստանձնել է Թուրքիայի վարչապետ Էրդողանը։ Էրդողանն ու թուրք ժողովուրդն իսլամական աշխարհի առաջնորդներն են։
Թուրքիայի դիրքորոշումն ու քաղաքականությունը մեծացնում են այդ երկրի հանդեպ վստահությունը, ինչպես որ Օսմանյան կայսրության ժամանակ էր։ Մենք կարող ենք օգտվել տարբեր ոլորտներում Թուրքիայի ունեցած փորձից»։










































