Սուդանի կառավարությունը արգելել է երկրում գործող և Հարավային Սուդանի հետ որևէ կապ ունեցող քաղաքական 17 կուսակցությունների գործունեությունը: Դրանց թվում է «Սուդանի հյուսիսի ազատագրման ժողովրդական բանակ» կուսակցությունը, որն ավելի վաղ անջատվել էր ներկայիս Հարավային Սուդանի իշխանությունները ներկայացնող ուժերից:
Ինչպես հայտնում է BBC-ն, Սուդանի կառավարությունը նշել է, որ արգելված կուսակցությունների անդամների մեծ մասը ծնվել է հարավում, ինչը նշանակում է, որ այժմ նրանք այլ պետության քաղաքացիներ են:
Այս որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ Սուդանի և Հարավային Սուդանի սահմանագծին բախումներ են արձանագրվել: Հարավային Սուդանն անկախ պետություն էր հռչակվել 2011թ. հուլիսի 9-ին:









































