Հունվարի 31-ին Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին տեղի ունեցած՝ սահմանազատման հարցերի հանձնաժողովների հանդիպումից հետո խորհրդավոր լռություն է: Առ այսօր չկա հաղորդագրություն այն մասին, թե ինչ է քննարկվել հունվարի 31-ի հանդիպմանը: Հանդիպմանը նախորդող ժամանակահատվածում ադրբեջանական կողմը հայտարարում էր, թե սահմանազատման հարցերի հանձնաժողովի հանդիպմանը քննարկելու են այսպես կոչված «անկլավների» հարցը:
Հայկական կողմը հանդիպմանը նախորդող ժամանակահատվածում հայտնում էր, որ սահմանին տեղի ունենալիք քննարկումը շոշափելու է սահմանազատման եւ սահմանագծման գործընթացի կազմակերպմանը, կարգին վերաբերող հարցեր: հանդիպումից անցել է երեք օր, սակայն դրա արդյունքի մասին որեւէ հաղորդագրություն տարածված չէ, եւ հարց է առաջանում, թե ինչո՞վ է պայմանավորված այդ լռությունը:
Հանդիպումն անցել է անարդյու՞նք, չի՞ հաջողվել գալ որեւէ հարցի վերաբերյալ համաձայնության, թե՞ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններն այնպիսին են, որ նախընտրելի է դիտվում դրանք չհանրայնացնելը՝ ելնելով գուցե տարբեր նկատառումներից: Սահմանային հանդիպմանը նախորդել էր բավականին աշխույժ դիվանագիտական անցուդարձ: Հայաստան էին ժամանել Կովկասի հարցերի ԱՄՆ գլխավոր բանակցողը, հետո՝ ԵՄ հատուկ ներկայացուցիչը, դրանից հետո ՆԱՏՕ հատուկ ներկայացուցիչը, իսկ հետո էլ Երեւան այցելեց Իրանի գերագույն առաջնորդի խորհրդական, արտաքին քաղաքականության ռազմավարական խորհրդի անդամ Քամալ Խարազին:
Պնդել, թե այդ այցերը անմիջական կապ են ունեցել սահմանազատման հարցերի հանձնաժողովների հունվարի 31-ին սպասվելիք հանդիպմանը, չենք կարող, սակայն հանդիպմանը նախորդող այդ «անցուդարձը», իսկ հանդիպմանն էլ հաջորդող տեղեկատվական լռությունը արժանանում է որոշակի ուշադրության:











































