Իսրայելը և պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժումը մոտեցել են 30-օրյա հրադադարի համաձայնություն ձեռք բերելուն։ Այդ ընթացքում ազատ կարձակվեն ՀԱՄԱՍ-ի մոտ պահվող իսրայելցի գերիները և Իսրայելում բանտարկված պաղեստինցիները։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով իր աղբյուրներին։
Կատարը, ԱՄՆ-ն և Եգիպտոսը փորձում են կողմերին բերել բանակցությունների սեղանի շուրջ, սակայն ՀԱՄԱՍ-ը պահանջում էր պատանդների ազատ արձակման դիմաց պատերազմի ավարտ։ Իսրայելն իր հերթին նոր առաջարկ էր ներկայացրել, համաձայն որի ռազմական գործողությունները երկու ամսով պետք է դադարեցվեին՝ Գազայում պահվող բոլոր պատանդների և զոհված պատանդների մարմինների դիմաց։ Բացի այդ, կողմերը նախապես պետք է պայմանավորվեին Իսրայելում բանտարկված պաղեստինցիների ազատ արձակման վերաբերյալ։
The Wall Street Journal-ն ավելի վաղ հայտնել էր, որ ՀԱՄԱՍ-ը պատրաստ է սկսել պատանդների ազատման վերաբերյալ նոր համաձայնագրի քննարկումը, ինչը «վկայում է ՀԱՄԱՍ-ի դիրքորոշման մեջ զգալի առաջընթացի մասին»։
Միևնույն ժամանակ Իսրայելը լայնամասշտաբ գործողություններ է իրականացնում Գազայի հատվածի հարավի գլխավոր քաղաքում՝ Խան Յունիսում, որտեղ ապաստան են գտել հարյուր հազարավոր տեղահանված պաղեստինցիներ։ Իսրայելական տանկերը հունվարի 23-ին շրջափակել են քաղաքն՝ արգելափակելով դեպի Միջերկրական ծովի ափ տանող ճանապարհը, որով պաղեստինցիները կարող էին հասնել Եգիպտոսի հետ սահմանին գտնվող «Ռաֆահ» անցակետ։
24 ժամում Իսրայելը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի 100 զինյալի ոչնչացման մասին։ Իսկ Իսրայելը հունվարի 22-ին ունեցել է ամենամեծ թվով զոհերը՝ 24 զինծառայող, որոնցից 21-ը սպանվել են ՀԱՄԱՍ-ի հրթիռային հարվածի հետևանքով։









































