Թուրքական Medya Faresi կայքի փոխանցմամբ՝ Թունիսում գտնվող Թուրքիայի վարչապետ Էրդողանը վերջապես որոշել է անդրադառնալ վերջին օրերին Թուրքիան ցնցած այն լուրին, ըստ որի՝ ի հայտ է եկել մի աուդիոձայնագրություն, որում ներկայացվում են Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպության (MIT) և Թուրքիայում ահաբեկչական հռչակված ու արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) ներկայացուցիչների միջև տեղի ունեցած ենթադրյալ բանակցությունները.
«Ներկայումս տարվում է հետաքննություն՝ կապված այդ աուդիոձայնագրության տարածման հետ։ Բայց եթե անգամ MIT-ը թերացումներ է ունեցել, մենք չենք կարող դրա համար զոհաբերել MIT-ի ղեկավար Հաքան Ֆիդանին։
Այս գործի հետաքննման համար ես Ֆիդանին խնդրեցի չուղեկցել ինձ արաբական երկրներ (Եգիպտոս, Թունիս, Լիբիա) կատարած շրջագայության ժամանակ և մնալ երկրում։ Մենք հետաքննում ենք այդ տեղեկատվական արտահոսքի դեպքը և չենք կարող առանց հիմնավոր պատճառների զոհաբերումներ կատարել։ Ինձ հայտնի է, որ մի շարք շրջանակներ նախկինում նույնպես դավեր են նյութել Հաքան Ֆիդանի դեմ։ Ոչ ոք չի շահի այդ հիմար իրավիճակից»։
Հիշեցնենք, որ MIT-ի փոխտնօրեն աշխատած ժամանակ Ֆիդանը եղել է նաև արտաքին քաղաքականության գծով Էրդողանի խորհրդականը և համարվում է Էրդողանի վստահելի մարդկանցից մեկը:
Ի դեպ, երբ 2010 թվականի մայիսի 27-ին Կենտրոնական Ասիայի և Մերձավոր Արևելքի գծով մասնագետ Հաքան Ֆիդանը նշանակվեց MIT-ի նախագահ, դա հարուցեց Իսրայելի խոր զայրույթը: Իսրայելի 22-րդ պաշտպանության նախարար Էհուդ Բարաքը հայտարարեց, որ «Իրանի ակնհայտ բարեկամի» նշանակումը MIT-ի նախագահի պաշտոնում նշանակում է, որ Իրանը կարող է գաղտնի տեղեկատվության մեջ ներթափանցելու թույլտվություն ստանալ:
Բարաքի կարծիքով՝ հենց Ֆիդանն էր հանդիսանում մայիսի 17-ին Թեհրանում Թուրքիայի, Բրազիլիայի և Իրանի միջև կնքված եռակողմ համաձայնության հեղինակը, որը պետք է կանխեր ՄԱԿ ԱԽ-ի կողմից Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցների սահմանումը, և ըստ որի` իրանական կողմը ցածր հարստացված ուրանը պետք է ուղարկեր արտերկիր, իսկ այնտեղից ստանար բարձր հարստացված ուրան` բժշկական նպատակներով օգտագործելու համար:







































