Քերմանում ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է Իսլամական պետություն ահաբեկչական կազմակերպությունը: Ըստ տարածված վարկածի, ահաբեկչությունն իրականացրել են երկու մահապարտներ, որ Տաջիկստանի քաղաքացի են: Որտե՞ղ են նրանք պատրաստություն անցել, ինչպե՞ս են Իրանի տարածք մուտք գործել, ո՞վ է Իրանում նրանց ապաստանել եւ բազմաթիվ այլ հարցեր մնում են անպատասխան:
Տաջիկստանը Կենտրոնական Ասիայի միակ ոչ թուրքախոս պետությունն է, որ, սակայն, Իրանի հետ լարված հարաբերություններ ունի: Իրանի նախագահի պաշտոնում Էբրահիմ Ռայիսին երկու անգամ այցելել է Դուշանբե, փորձագիտական շրջանակներում տպավորություն կար, որ նրան հաջողվել է մեղմել սառնությունը եւ հնարավոր է՝ Տաջիկստանի նախագահ Ռահմոնը մեկնի Թեհրան: Քերմանի ահաբեկչության տարածված վարկածը չի կարող անհիմն կամ լիովին անհիմն լինել եւ չանդրադառնալ Իրանի եւ Տաջիկստանի հարաբերություններին: Նախ, մոտ հարյուր իրանցի ահաբեկչության զոհ է դարձել, ապա լրջորեն տուժել է իրանական հատուկ ծառայությունների, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հեղինակությունը:
Այս եւ մանավանդ իրանա-իրաքյան լարվածության համապատկերին Տաջիկստանում Թուրքիայի դեսպանը հայտարարել է, որ տարվա ընթացքում Էրդողանը կայցելի Դուշանբե: Նրա ասելով՝ այդ այցը պետք է կայանար անցյալ տարի, բայց հետաձգվել է Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի պատճառով: Հնարավոր է՝ այդպես էլ կա, բայց Թուրքիայի դեսպանն ինչու՞ է Տաջիկստան Էրդողանի այցի անոնսավորման հենց այն պահը ընտրել, երբ Իրանի շուրջ մթնոլորտը, մեղմ ասած, բարեխառն չէ:
Իրանը հայտարարել է, որ Սիրիայի հյուսիսում հրթիռային հարված է հասցրել Թուրքեստան կուսակցության զինառյալների հենակետերին: Իդլիբի շրջանը փաստացի գտնվում է Թուրքիայի հսկողության ներքո: Այնտեղ է գրոծում Իսլամական պետության տեղական կառույցը՝ Ահրար ալ-Շամը: Այդ հենակետերի հրթիռակոծումն Իրանը գնահատել է որպես պատասխան Քերմանի ահաբեկչությանը:
Ըստ երեւույթին, Էրդողանի Դուշանբե այցի անոնսը դիվանագիտական ազդակ է, որ Թուրքիան Իրանին կարող է կաշկանդել նաեւ Կենտրոնական Ասիայից, որտեղ միակ ոչ թուրքախոս պետություն Տաջիկստանը «նույնպես կընդունի Թուրքիայի հովանավորությունը»: Իսրայելը հայտարարել է Գազայի հատվածում պատերազմի ակտիվ փուլի ավարտի մասին: Իրանի շուրջ իրավիճակի լարվածությունն, ամենայն հավանականությամբ, հետապնդում է Մերձավոր Արեւելքում նրա ազդեցությունը նվազագույնի հասցնելու նպատակ:
Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Քեմերոնը հայտարարել է, որ Իրանը «սպառնալիք է տարածաշրջանին եւ միջազգային կայունությանը»: Հայտնի է դարձել, որ BP-ն Ադրբեջանի պետական նավթագազային ընկերության հետ բանակցություններ է սկսել: Ադրբեջանը հատկապես գազի արդյունահանման ոլորտում արտաքին լուրջ ներդրումների կարիք ունի: Ալիեւը կարող է ներգրավվել հակաիրանական ծրագրին: «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ նրա շատ կոշտ հայտարարությունը դրա կողմանկի վկայություն չէ՞: Դա նաեւ Թուրքիայի գերխնդիրն է:






































