Թուրքիայում ձերբակալված ֆուտբոլիստը, որ խաղում էր «Անթալյասպոր» թիմի կազմում, արտաքսվում է Իսրայել: Միջադեպին չափազանց կոշտ է արձագանքել Իսրայելի անվտանգության նախարար Բեն-Գվիրը: Նա X (նախկին Թվիթեր) սոցիալական ցանցում գրառում է կատարել եւ Էրդողանին անվանել «իսկական նացիստ»: Իսրայելցի նախարարը երկրի քաղաքացիներին կոչ է արել չմեկնել Թուրքիա, բոյկոտել թուրքական արտադրության բոլոր ապրանքները: Նրա գնահատմամբ՝ Թուրքիան ամենայն «հրեականի նկատմամբ ցուցաբերում է նացիստական մոտեցում» եւ յուրաքանչյուր հրեայի պարտքն է «ֆինանսապես չաջակցել» այդ երկրին:
Բեն-Գիվիրը վարչապետ Նեթանյահուի կոալիցիոն գործընկերն է, գլխավորում է «Հրեական ուժ» աջ-ազգայնական կուսակցությունը: Ի սկզբանե Նեթանյահուի ձեւավորած կոալիցիոն կառավարության նկատմամբ միջազգային վերաբերմունքը վերապահ էր, իսկ փորձագետները կանխատեսում էին արաբա-իսրայելական հարաբերությունների լարվածություն, ինչն էլ փաստացի տեղի է ունեցել եւ շարունակվում է: Նեթանյահուն հայտարարել է Եգիպտոսի հետ Գազայի հատվածի սահմանը վերահսկողության տակ առնելու նպատակի մասին: Փաստացի դա նշանակում է Գազայի հատվածի լիակատար շրջափակում, որից հետո Պաղեստինի անկախ պետություն հռչակելու մասին, երեւի, հարկ կլինի մոռանալ: Թուրքիան իսրայելա-պաղեստինյան կարգավորման միակ ընդունելի տարբերակ է հռչակել «երկու պետություն» սկզբունքի գործնական կիրառումը: Ակնհայտ է, որ Միացյալ Նահանգների պետքարտուղար Բլինքենին չի հաջողվել մեղմել Էրդողան-Նեթանյահու դիմակայությունը:
Թուրքիայի ազգայնական «Վաթան» կուսակցության առաջնորդ Բահչելին իշխանություններին կոչ է արել ռազմական դաշինք կնքել Ռուսաստանի հետ եւ համատեղ «ոչնչացնել Իրաքի եւ Սիրիայի հյուսիսի քրդական անջատողականությունը»: Իշխող կուսակցությունը տեղական ընտրությունների է գնում ազգայնական քարոզչությամբ եւ Հանրապետա-ժողովրդավարական կուսակցության դեմ «նոր դարաշրջան նշանավորող հաղթանակի» կարգախոսով: Էրդողանը որոշել է ոչ միայն անձամբ չմեկնել Դավոս, այլեւ թուրք տնտեսագետներին է արգելել ներկա գտնվել նախատեսված քննարկումներին:
Իլհամ Ալիեւը, որ տարիներ ի վեր Դավոսում տիկնոջ հետ «ադրբեջանական ազգային խոհանոցի նրբախորտիկներ» էր հյուրասիրում համաշխարհային քաղաքական եւ բիզնես էլիտային, այնտեղ է գործուղում էկոնոմիկայի նախարարին: Բաքվի իշխանամերձ լրատվամիջոցը գրում է, որ Վաշինգտոնում «Բայրամով-Միրզոյան հանդիպում տեղի չի ունենա»: Էրդողան-Նեթանյահու դիմակայությունը կազդի՞ Ադրբեջան-Իսրայել հարաբերությունների վրա: Ալիեւը հետեւողականորեն Արեւմուտքից դիստանցավորվում է: Դա իրավիճակայի՞ն, թե՞ կոնցեպտուալ ընտրություն է: Աշխարհաքաղաքական տարածաշրջանի «կաթսայում երկու գլուխ չի եփվում»: Երրորդն ինչու՞ է ստեղծվում:












































