Տարեսկզբից ՎՈՒԱՄ կազմակերպության նախագահությունը ռոտացիոն կարգով Ուկրաինայից անցել է Ադրբեջանին: Պաշտոնական Բաքուն այդ մասին դեռեւս հայտարարություն չի արել: Ըստ ադրբեջանական վտարանդիության աղբյուրների՝ նախատեսված էր, որ նոյեմբերին տեղի կունենա անդամ երկրների, իսկ նրանք չորսն են՝ Վրաստան, Ուկրաինա, Ադրբեջան եւ Մոլդովա, արտաքին գործերի նախարարների խորհրդաժողով: Այդ ձեւաչափում էլ կազմակերպության նախագահությունը կանցներ Ադրբեջանին: ՎՈՒԱՄ արտգործնախարարները պետք է նաեւ հայտարարություն ընդունեին՝ աջակցություն հայտնելով Ուկրաինայի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը, սահմանների անխախտելիությանը: Ադրբեջանը տորպեդահարել է այդ խորհրդաժողովը:
ՎՈՒԱՄ-ն ստեղծվել է 1997թ.-ին՝ որպես ԱՊՀ այլընտրանք, հետխորհրդային տարածքում եվրոպական, եվրաատլանտյան կողմնորոշման ինտեգրացիոն կառույց: Առաջին փորձությունը ռուս-վրացական պատերազմն էր, որից մեկ ամիս առաջ Բաքու էր այցելել Ռուսաստանի ֆորմալ նախագահ Մեդվեդեւը, կողմերն ստորագրել էին ռազմավարական գործընկերության հռչակագիր: Ըստ էության, ՎՈՒԱՄ-ը ինտեգրացիոն կառույց լինելուց դադարել է 2008թ.-ին, թեեւ դա չի խանգարել, որ Բաքուն հարթակն օգտագործի հակահայկական քաղաքականությանը Վրաստանին, Ուկրաինային եւ Մոլդովային ներգրավելու նպատակով:
ՎՈՒԱՄ-ի երեք անդամները՝ Ուկրաինան, Վրաստանը եւ Մոլդովան ընտրել են Եվրամիության անդամակցության ճանապարհը: Ադրբեջանը հայտարարել է, որ նման մտադրություն չունի: Փաստացի որպես ԱՊՀ-ին այլընտրանք ստեղծված կառույցը չի գործում: Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Էլշադ Միրբաշիրը գրեթե սենսացիոն հայտարարություն է արել, որ «կայուն իրավիճակում Ադրբեջանն այդ կառույցին իր ավանդը կբերի»: Եթե փակագծերը բացենք, ապա կստացվի, որ Բաքուն գործնական անդամակցություն կունենա, երբ ռուս-ուկրաինական պատերազմն կավարտվի, Մոլդովան եւ Վրաստանը կկարգավորեն Ռուսաստանի հետ արմատական հակասությունները: Տեսանելի ապագայում նման հեռանկար չկա:
Ավելի անկեղծ է արտահայտվել փորձագետներից մեկը՝ ասելով, որ Ադրբեջանը «կատարել է աշխարհաքաղաքական իր ընտրությունը, դա Ռուսաստանն է»: Նա գտնում է, որ այդ ընտրությունը «մեկուսացման, փակ երկիր մնալու քաղաքականություն է եւ առաջիկայում տնտեսության ազատականացման, ժողովրդավարական բարեփոխումների ոչ մի սպասում չպետք է ունենալ, ընդհակառակը՝ լինելու է հետընթաց»: Իր դիտարկումներն ադրբեջանցի վերլուծաբանն ամփոփել է միանշանակ. «ՎՈՒԱՄ-ը կորցրել է ակտուալությունը»: Ադրբեջանը գործնականում լքում է այն հարթակը, որ երկու տասնամյակից ավելի արտաքին քաղաքական լուրջ գործիքակազմ է եղել նրա համար. Ուկրաինան, Վրաստանը եւ Մոլդովան ԼՂ հարցում մշտապես սատարել են ադրբեջանական տեսակետին:
Քաղաքականության մեջ, անշուշտ, բարոյական պարտավորվածություն չկա կամ ամենավերջին տեղում է, բայց միաժամանակ ոչինչ անհետեւանք չի մնում: Եթե, իհարկե, սկզբունքորեն նոր իրավիճակում Հայաստանը կարողանա իրացնել Ադրբեջանի եւ ՎՈՒԱՄ մյուս երեք անդամների միջեւ ակնհայտ ճեղքվածքը դիվանագիտորեն «լցնելու» հնարավորությունը: Աշնանն ի՞նչ ընտրություն կկատարի Վրաստանը: Աբխազիայում իրավիճակ է փոխվում. իշխանությունը Պիցունդայի նախկին խորհրդային առողջարանային համալիրը 99 տարով «վարձայալության է հանձնել» Ռուսաստանին՝ հարուցելով հանրային-քաղաքական լուրջ դժգոհություն: Ռուսաստանը Սեւծովյան նավատորմի մի մասը տեղափոխում է Աբխազիա:








































