Պաշտպանության նախարարության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ, գեներալ-մայոր Տիրան Խաչատրյանի պաշտպան Վարազդատ Հարությունյանն անդրադարձել է հունվարի 11-ին Արամուս գյուղում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ մամուլում շրջանառվող լուրերին։
«Ֆեյբուք»-ի իր էջում նա հերքել է լրատվամիջոցներում տարածված տեղեկությունները, համաձայն որոնց Տիրան Խաչատրյանը հարբած վիճակում թույլ է տվել խուլիգանական արարք, ապա փախել կամ թաքնվել է քննությունից:
«Մամուլում տարածվող տեղեկատվություններն այն մասին, թե, իբր, գեներալ Խաչատրյանը փախել կամ թաքնվել է քննությունից, չի համապատասխանում իրականությանը, հերյուրանք է և նպատակ ունի բացասաբար ազդելու գեներալ Խաչատրյանի հեղինակության վրա։
Ձերբակալման պահին գեներալ Խաչատրյանը գտնվել է ինձ հետ․ մենք միասին պատրաստվում էինք դուրս գալ և ներկայանալ ոստիկանության բաժին։ Տեղեկությունը, ըստ որի` Տիրան Խաչատրյանը հարբած վիճակում իրականացրել է խուլիգանություն, նույնպես հերյուրանք է», գրել է պաշտպանը։ Նա հավելել է, որ Վաչե Սիմոնյանի հետ միասին ստանձնել է Տիրան Խաչատրյանի շահերի պաշտպանությունը:
Ավելի վաղ, ոստիկանությունը հաղորդագրություն էր տարածել, որ Արամուս գյուղում հունվարի 11-ին ժամը 23։00-ի հատվածում կրակոց է հնչել, ինչի հետևանքով հրազենային վնասվածքով «Աբովյան» բժշկական կենտրոն է տեղափոխվել 1977 թ. ծնված մի տղամարդու։ Պարզվել է 47-ամյա տղամարդուն հրազենային վնասվածք պատճառողի ինքնությունը: Նա հայտնաբերվել է Ջրվեժ թաղամասի հյուրանոցներից մեկում, ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Կոտայքի բաժին:
Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ կասկածյալը ՀՀ Պաշտպանության նախարարության Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ, գեներալ-մայոր Տիրան Խաչատրյանն է, ով ձերբակալվել է:









































