Իրանական Asr Iran լրատվական կայքը, վկայակոչելով թուրքական աղբյուրներին, հաղորդել է, որ Թուրքիայի ԱԳ նախարարության տարածած հայտարարության համաձայն՝ ՆԱՏՕ-ի ՀՀՊ համակարգերը տեղակայվելու են Մալաթիա շրջանում, որը Իիրանի սահմաններից 540 կմ հեռավորության վրա է գտնվում:
Թուրքական աղբյուրների փոխանցմամբ՝ ՆԱՏՕ-ի ՀՀՊ համակարգերը տեղակայվելու են Մալաթիայի նահանգի Քյուրեջիկ տեղանքում:
Թուրքիան ՆԱՏՕ-ի ՀՀՊ համակարգերը իր երկրի տարածքում տեղակայելու համար նախապայմաններ էր առաջադրել, որոնցից մեկն այն էր, որ հիշյալ համակարգերը չպետք է սպառնալիք դառնան Թուրքիայի հարևանների, այդ թվում՝ Իրանի համար, բայց, ըստ երևույթին, Թուրքիայի իշխանությունները Արևմուտքի հետ ունեցած բանակցությունների արդյունքում հրաժարվել են վերոհիշյալ նախապայմանից:
Իրանի իշխանությունները, դատապարտելով Թուրքիայի որդեգրած քաղաքականությունը ՆԱՏՕ-ի ՀՀՊ համակարգերի տեղակայման առնչությամբ, հայտարարել են, որ եթե այդ համակարգերը սպառնան իրենց երկրի անվտանգությանը, Իրանը անմիջապես հարվածելու է Թուրքիայում տեղակայված ՆԱՏՕ-ի ՀՀՊ համակարգերին:











































