Լուսանկարը՝ Armeniasputnik-ի
Հունվարի 5-ին Իլհամ Ալիեւի պաշտոնական կայքը տարածեց Սուրբ Ծննդյան տոնի առթիվ նրա շնորհավորական ուղերձը: Այն, ի տարբերություն նախորդների, որ ուղղված էին բացառապես ուղղափառ Եկեղեցու հետեւորդներին, հասցեագրված էր Ադրբեջանի «ամբողջ քրիստոնեական համայնքին»: Ալիեւն, ըստ երեւույթին, ուղերձի այնպիսի օր էր ընտրել, որ կարելի է ներկայացնել այնպես, թե շնորհավորում է նաեւ Հայ առաքելական եկեղեցու հետեւորդներին:
Հունվարի 7-ին Սուրբ Ծնունդ է տոնում Ռուս ուղղափառ եկեղեցին: Այդ առթիվ ինստագրամյան գրառում է արել Ադրբեջանի առաջին տիկին Մեհրիբան Ալիեւան: «Ծննդյան տոնի առթիվ անկեղծորեն շնորհավորում եմ Ադրբեջանի քրիստոնեական համայնքին, մեր բոլոր համաքաղաքացիներին մաղթում եմ ամուր առողջություն եւ երջանկություն»-գրել է նա: Աչքի է զարնվում, որ ադրբեջանական լրատվամիջոցները ոչինչ չեն փոխանցում Բաքվում Սուրբ Ծննդի տոնական արարողությունների մասին:
Փոխարենը լայնորեն քարոզվում է, որ տոնը նշվել է Գյանջայի Ալեքսանդր Նեւսկու անվան (այդպես է փոխանցում APA գործակալությունը) եկեղեցում, որտեղ արարողության սկզբին ընթերցվել է Իլհամ Ալիեւի շնորհավորական ուղերձը, ապա հագեւորականները «Հիսուսի ծննդյան հետ կապված ծիսակարգ են մատուցել, հավատացյալները մոմ են վառել եւ աղոթել խաղաղության համար»: Նրանք ասել են, որ Գյանջայում «այդ տոնը նշում են տարիներ ի վեր եւ երբեք որեւէ խնդիր չեն ունեցել»:
Լրատվամիջոցի տարածած լուսանկարներից երեւում է, որ արարողությանը ոչ ավելի, քան մեկ տասնյակ հավատացյալ է մասնակցել, բացառապես՝ տարեց կանայք: Ընդ որում, ոչ մի հոգեւոր սպասավոր այդ լուսանկարում պատկերված չէ: Հունվարի 5-ին Կրոնի հարցերով պետական կոմիտեի նախագահ Գուրբանլին «անհիմն եւ միտումնավոր խեղաթյուրված» է որակել Էթնիկ եւ կրոնական փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության ամերիկյան կազմակերպության զեկույցի՝ Ադրբեջանին հասցեագրած քննադատությունը, որտեղ, մասնավորապես, արձանագրված է Լեռնային Ղարաբաղի քրիստոնեական ժառանգության հանդեպ Ադրբեջանի կառավարության անհանդուրժողականությունը:
Որքա՞ն է երկարաձգտվելու Ադրբեջանի՝ որպես «բազմամշակութային, բազմազգ եւ բազմադավան» երկրի ալիեւյան քարոզչությունը: Քրիստոնեական համայնքներից փաստացի մնացել է միայն ռուսականը, բայց մոտակա մեկ-երկու տասնամյակների ընթացքում այն եւս կվերանա. Բաքվում եւ Գյանջայում ռուս կամ ռուսախոս բնակչության թիվն այսօր առավելագույնը 40-45 հազար է: «Ուդի-աղվանական քրիստոնեական համայնքը» ֆիկցիա է, մնացել է ուդիական մեկ բնակավայր՝ Նիժ ավանը, որի շուրջ 3000 բնակչության կեսից ավելին իսլամադավան է:
Արցախի հայաթափմամբ քրիստոնեական քաղաքակրթության սահմանը Կասպից ծովի արեւմտյան ափերից եւ Կովկասյան լեռներից հասել է Սոթք- Խոզնավար-Ագարակ՝ հայ-ադրբեջանական շարունակվող դիմակայության գծին: Այս մարտահրավերը միայն Հայաստանի, հայ ժողովրդի եւ հայկական ինքնությա՞ն դեմ է:







































