ՀԱՄԱՍ-ը մերժել է մարդասիրական հրադադարի եւ պատանդների ու դատապարտված պաղեստինցիների փոխանակման առաջարկությունը: Այդ մասին հայտնի է դարձել ՀԱՄԱՍ-ի մամուլի խոսնակի տարածած հաղորդագրությունից, ըստ որի՝ համաձայնություն կարող է կայանալ միայն կրակի վերջնական դադարեցումից, Գազայի հատվածից իսրայելական զորքերի դուրսբերումից եւ մարդասիրական օգնության երաշխավորված անցակետերի ստեղծումից հետո:
Նույն օրը Թուրքիայի արտաքին գործերի նախարարը խորհրդարանին տեղեկացրել է, որ իսլամական երկրները ներկայացրել են Պաղեստինի հարցի կարգավորման կոնսոլիդացված մոտեցում: Այն է՝ Պաղեստինի անկախ պետության ստեղծում 1967թ. սահմաններում՝ Արեւելյան Երուսաղեմ մայրաքաղաքով: Նա հստակ ձեւակերպել է, որ Իսրայելը պետք է հեռանա օկուպացված տարածքներից:
Reuters-ը մեջբերել է ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնին, ով կոշտ քննադատություն է հնչեցրել Իսրայելի վարչապետ Նեթանյահուի հասցեին: Քլինթոնը հանդիպել է իսրայելցի պատանդների հարազատների հետ եւ ասել, որ Նեթանյահուին իր քաղաքական ճակատագրից զատ այլ բան չի հետաքրքրում: Իսրայելի հասցեին քննադատություն է հնչեցրել նաեւ Ֆրանսիայի նախագահ Մակրոնը: Ամերիկյան մամուլում տեղեկություն է հայտնվել, որ Բայդենի վարչակազմը Նեթանյահուին հորդորել է դադարեցնել լայնածավալ պատերազմը եւ անցեն այսպես կոչված թիրախային հարվածների:
Իսրայելի պաշտպանության նախարար Գալանտը հակադարձել է, որ անհնար է թիրախային հարվածների անցնել, քանի որ «պաղեստինցի ահաբեկիչները խաղաղ բնակչությանն օգտագործում են որպես կենդանի վահան»: Ըստ էության, իսլամական եւ Արաբական լիգայի երկրներին, կարծես, հաջողվել է հասնել քաղաքական գլխավոր նպատակին՝ Գազայի եւ առհասարակ Պաղեստինի ու արաբա-իսրայելական հաշտության հարցում ԱՄՆ-ի, Եվրոպայի եւ Իսրայելի միջեւ տարաձայնություններն ակնհայտ են:
Պարզ չէ, սակայն, դա պայմանավորված է Նեթանյահուի անձո՞վ, նրա կոալիցիոն կառավարության աջ-ազգայնական քաղաքականությա՞մբ, թե խնդիրն ավելի խորքային է եւ առնչվում է Մերձավոր Արեւելքում ուժային կենտրոնների միջեւ մրցակցությա՞նը, որ կարող է Իսրայելի համար ճակատագրական լինել, եթե աշխարհաքաղաքական շահը թելադրի, որ Միացյալ Նահանգները նախապատվությունը տա Պարսից ծոցի արաբական միապետությունների հետ ռազմավարական համագործակցությանը:
Գրեթե բոլոր մեկնաբանները համակարծիք են, որ Իսրայելում կառավարության փոփոխությունն անխուսափելի է: Խնդիրն այն է, թե ի՞նչ կառավարություն է ձեւավորվելու Նեթանյահուից հետո: Իսրայելում կա՞ քաղաքական ուժ, որ պատրաստ է համաձայնել 1967թ. սահմաններում Պաղեստինի անկախ պետության ստեղծմանը: Ավելի քան երեք տասնամյակ Իսրայելն այդ տարածքներում հրեա վերաբնակիչների քաղաքներ եւ ավաններ է կառուցել: Վերադառնալ նախկին սահմաններին՝ նշանակում է նաեւ Սիրիային զիջել Գոլանի բարձունքները:
Խորհրդարանի նիստին ելույթում Թուրքիայի արտգործնախարարը հայտարարել է Սիրիայի ինքնիշխանությունը, տարածքային եւ քաղաքական ամբողջականությունը ճանաչելու մասին՝ բացահայտ նկատել տալով, որ այդ երկրի հյուսիս-արեւելքում քրդական իքնավարություն ստեղծելու հարցում Անկարան եւ Դամասկոսը կարող են եւ պետք է դաշնակիցներ լինեն: Փաստացի քրդական ինքնավարության հովանավորը Միացյալ Նահանգներն են:
Ըստ երեւույթին, նշանակալի է լինելու Իրանի նախագահի Թուրքիա այցը: Եթե Անկարային եւ Թեհրանին հաջողվի հաղթահարել տարաձայնությունները եւ Պաղեստինի հարցում վերջնական կոնսոլիդացված մոտեցում ձեւավորվի, ապա Մերձավոր Արեւելքի ռազմա-քաղաքական քարտեզը կարող է լրջագույն փոփոխությունների ենթարկվել կամ, ընդհակառակը, կահագնանա լայնածավալ պատերազմի սպառնալիքը:











































