«Հայաստանում հայտարարված վերջին համաներումը, 2008թ. մարտյան իրադարձությունների ընթացքում 10 մահվան դեպքերի նոր հետաքննություն սկսելու ազդակը, ընդդիմության ու կառավարող կոալիցիայի միջև կառուցողական երկխոսության արդյունավետ սկիզբը նշանակում են, որ 2008թ. մարտյան դեպքերի վերաբերյալ գործը կարելի է վերջնականապես համարել փակված»,- օրեր առաջ հայտարարեց ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովը:
Հայաստանի ժողովրդավարական հաստատությունների գործառույթի մասին բանաձևի նախագիծը քննարկվելու է ԵԽԽՎ աշնանային նստաշրջանում` հոկտեմբերի 7-ին: Հայաստանի հարցով համազեկուցողներ Ջոն Պրեսկոտն ու Աքսել Ֆիշերը ներկայացրել են 18-էջանոց մի փաստաթուղթ, որով ողջունում են «իշխանությունների և քաղաքական բոլոր ուժերի ցուցաբերած քաղաքական կամքը` ԵԽ չափանիշների և հանձնարարականների հիման վրա խնդիրը լուծելու համար»: Ըստ Հանձնաժողովի՝ 2008թ. իրադարձությունները և դրանց հետևանքները բացահայտեցին երկրի ժողովրդավարական զարգացման առաջնահերթությունները. «Մասնավորապես` իրական ժողովրդավարական խորհրդարանական ընտրությունների անցկացումը, հուսալի ժողովրդավարական և բազմակարծիք քաղաքական մթնոլորտի ստեղծումը, որը կվայելի հայ հասարակության լիարժեք վստահությունը, բաց և բազմակարծիք լրատվական դաշտի ստեղծումը, ոստիկանության և դատական համակարգի ռեֆորմները` այդ մարմինների անկախությունը երաշխավորելու նպատակով` ինչպես թղթի վրա, այնպես էլ գործնականում»: Ընդունված փաստաթուղթը ողջունում է ԵԽԽՎ-ի և Հայաստանի իշխանությունների միջև «սերտ և կառուցողական համագործակցությունը», ինչը հանդիսանում է համագործակցության զարգացման օրինակ՝ Մոնիտորինգի անցկացման շրջանակներում:
Եվ այսպես, ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը վստահաբար ջանք ու եռանդ չի խնայել հայաստանյան ներքաղաքական վերջին ամիսների իրողությունները եվրոպական փաստաթղթերում ամրագրելու հարցում: Եթե մինչ այժմ ԵԽԽՎ բանաձևերից լսում էինք տարբեր պահանջների կատարման հրամայականներ, ապա հոկտեմբերին ԵԽԽՎ աշնանային նստաշրջանին ներկայացվելիք 18-էջանոց փաստաթղթում շեշտադրումների փիլիսոփայությունն է էականորեն փոխվել, սա այն դեպքում, երբ եվրոպացիներին հայտնի է, որ Մարտի 1-ը հետևանք էր կեղծված ընտրությունների, ավելին` ակնհայտ է, որ ոչ միայն չեն պատժվել այդ ողբերգության կազմակերպիչներն ու կատարողները, այլև Մարտի 1-ից հետո ընդդիմության մի քանի տասնյակ ներկայացուցիչներ են բանտերում անցկացրել: Բայց տարօրինակն այն է, որ 18-էջանոց փաստաթղթի առաջին մասը` բանաձևի նախագիծը, որոշ առումներով հակասում է երկրորդ մասի` բացատրական զեկույցին: Ճիշտ է, փաստաթղթում 2008-ի մարտյան դեպքերի սպանությունների բացահայտման արդյունքների բացակայության մասին մտահոգություն կա, բայց մյուս կողմից` մարտի է 1-ի էջը փակված համարելու մասին է խոսվում:
Այնուհետև գալով առաջիկա խորհրդարանական ընտրություններին` բնականաբար ԵԽ-ն կարևորում է դրանց ժողովրդավարական անցկացումը, որպես երկրի հետագա զարգացման կարևոր գործոն, և շեշտում է, որ դրանք պետք է ունենան հասարակության և բոլոր շահագրգիռ կողմերի վստահությունը: Ապա ԵԽԽՎ-ն մի ուշագրավ դիտարկում է անում` կոչ անելով քաղաքական ուժերին ակտիվորեն մասնակցել երկրի դեմոկրատական գործընթացներին` առաջիկա ընտրություններին, և ձեռնպահ մնալ բոլոր այնպիսի հայտարարություններից, որոնք կարող են խոչընդոտել վստահության ձևավորմանը` ընտրական պրոցեսի և ընտրությունների արդյունքների նկատմամբ: Այլ կերպ ասած` եվրոպացիները, դեռ ընտրություններ չկայացած, պահանջում են կասկածի տակ չառնել ընտրությունների արդյունքները: Որտեղի՞ց նրանց վստահություն, որ «առաջիկա հերթական ընտրությունները» չեն կեղծվելու… Դավիթ Հարությունյա՞նն է նման երաշխիք տվել, թե՞ քաղբանտարկյալներին ազատ արձակելուց, Ազատության հրապարակը բացելուց ու երկխոսության գնալուց հետո գործող իշխանությունները եվրոպացիների աչքին արդեն համոզված ու վճռական դեմոկրատներ են սկսել երևալ:
Կամ նույն փաստաթղթի մեկ այլ կետում կարդում ենք, որ` Հայ ազգային կոնգրեսը նշում է, որ իր նպատակը երկխոսության միջոցով արտահերթ խորհրդարանական և նախագահական ընտրությունների անցկացումն է: Սակայն եվրոպացիները թեև նշում են, որ այդ գաղափարի լեգիտիմությունն ընդունում են, բայց այնուամենայնիվ կոչ են անում կողմերին չսահմանափակել երկխոսության թեմաները, վիճելի հարցերը և մատնաշում են իրենց նախընտրած թեմաները` քաղաքական մթնոլորտի հետագա բարելավումը, ժողովրդավարական ընտրությունների անցկացումը, որը կարժանանա հայ ընտրազանգվածի վստահությանը:
Ինչպես նկատում եք, փաստաթղթում ներառված են իշխող կոալիցիայի ներկայացուցիչների` մի քանի ամիս շարունակ արված հայտարարությունները: Որ Մարտի 1 տեսած հասարակության համար անընդունելի կլինի այսպիսի փաստաթղթի ընդունումը ԵԽԽՎ-ում` դա անվիճելի է: Սակայն այստեղ նաև ընդդիմությունն անշուշտ մտորելու լուրջ առիթ ունի: Կարծում ենք` առկախված երկխոսության պայմաններում նման փաստաթղթի վավերացումը` ԵԽԽՎ-ում իսկապես իշխանությունների «լեզուն երկարացնելու» ու դիրքերն ամրապնդելու համար լուրջ հիմք կարող է հանդիսանալ:












































