Սիրիայի հակաօդային պաշտպանության միջոցները դեկտեմբերի 10-ի ուշ երեկոյան իսրայելական մի քանի հրթիռ են խոցել Դամասկոսի երկնքում։ Այս մասին հաղորդել է SANA գործակալությունը՝ վկայակոչելով երկրի զինված ուժերում իր աղբյուրին։
«Այսօր ժամը 23։05-ի սահմաններում իսրայելական թշնամին օդային հարձակում է իրականացրել օկուպացված Գոլանի բարձունքների կողմից՝ թիրախավորելով Դամասկոսի մերձակայքի մի շարք դիրքեր։ Մեր պաշտպանությունն արձագանքել է հրթիռների արձակմանը և խոցել դրանցից մի քանիսը», – նշել է աղբյուրը։
Զինվորականի խոսքով՝ գնդակոծության հետևանքով նյութական վնաս է հասցվել, անձնակազմի թվում կորուստներ չկան։
Վերջին անգամ իսրայելական օդուժը Դամասկոսի վրա հարձակվել էր դեկտեմբերի 2-ին։ Հարվածը հասցվել էր Սեյիդա Զեյնաբ արվարձանին, որը ծառայում է որպես կառավարական բանակի կողմից կռվող շիա կազմավորումների առաջադիրք։ Ըստ ԶԼՄ-ների՝ զոհվել էին երկու իրանցի խորհրդականներ, ևս յոթը` վիրավորվել։








































