Թուրքական Vatan թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Էրդողանը, ելույթ ունենալով թուրք-եգիպտական գործարար խորհուրդի նիստում, հայտարարել է, որ Եգիպտոսի ընտրություններից հետո Թուրքիան ու Եգիպտոսը վերացնելու են այդ երկրի հետ գործող անցագրային ռեժիմը։
Էրդողանը նաև հայտարարել է, որ երկու տարվա ընթացքում 2 երկրների ապրանքաշրջանառությունը հասցվելու է 5 միլիարդ դոլարի, իսկ 4 տարվա ընթացքում՝ 10 միլիարդ դոլարի։
Հիշեցնենք, որ վերջին օրերին Անկարայում լրջորեն քննարկվում է Իսրայելի քաղաքացիների համար անցագրային ռեժիմի ներդրման հարցը։ Եթե դա տեղի ունենա, ապա իսրայելցիները ստիպված կլինեն մուտքի անցագիր ձեռք բերել դեսպանատներում: Մինչդեռ Իսրայել պետության հիմնադրումից ի վեր այդ երկրի քաղաքացիները Թուրքիա մուտք գործելու համար վիզայի կարիք երբեք չեն ունեցել:







































