Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը նախկինի պես շարունակում է վտանգ ներկայացնել աշխարհի և տարածաշրջանի անվտանգությանը, Աստանայի գագաթնաժողովում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ «Հայաստանը շարունակում է օկուպացված պահել ոչ միայն ԼՂ-ն, այլև ԼՂ-ի շրջակա յոթ շրջանները` Ադրբեջանի տարածքի 20 տոկոսը։ Մեկ միլիոն մարդիկ փախստական են դարձել»,- ասել է Ալիևը՝ ընդգծելով, որ Ղարաբաղն Ադրբեջանի անբաժանելի մասն է։ «Ղարաբաղն Ադրբեջանի անբաժանելի մասն է։ Այսօր Հայաստանը շարունակում է ուժի կիրառումը, բայց Ադրբեջանը հավատարիմ է խաղաղ կարգավորմանը՝ հուսալով, որ այն արդյունք կարձանագրի այս խնդրում»:
Այնուհետև Ադրբեջանի ղեկավարը շեշտել է, որ Ղարաբաղյան հակամարտությունը պետք է կարգավորվի միջազգային սկզբունքների և նորմերի հիման վրա։ «Բայց Հայաստանը հակամարտությունը կարճ ժամկետներում լուծելու փոխարեն նախընտրում է իրավիճակի թեժացումը՝ անընդհատ խախտելով հրադադարի ռեժիմը, փոփոխելով մեր քաղաքների և տեղանքների անունները, քանդելով մեր հուշարձանները»։ Ալիևը նաև հայտարարել է, թե Հայաստանը ձգտում է պահպանել ստատուս քվոն։ «ԵԱՀԿ Մինսկի խումբը 20 տարի անարդյունավետ բանակցություններ է վարում։ Մենք պատրաստ ենք շարունակել բանակցությունները և արդյունքի հասնել միջազգային սկզբունքների և Ադրբեջանի տարածքային ամբողջականության հիման վրա»,- ասել է նա, հայտնում են ադրբեջանական գործակալությունները։