Իսրայելական Mig News-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի եգիպտական այցի ժամանակ Կահիրեում ստորագրվել են մի շարք կարևոր տնտեսական համաձայնագրեր։ Դրանց մի մասն ունի քաղաքական մեծ նշանակություն։ Դա առաջին հերթին վերաբերում է Միջերկրական ծովի բնական պաշարների համատեղ մշակմանն առնչվող համաձայնագրին։
Թուրքիայի էներգետիկ և բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը հայտարարել է. «Թուրքիան և Եգիպտոսը համատեղ աշխատանք են սկսելու նավթի ու գազի արդյունահանման ոլորտում։ Մենք այս թեման քննարկել ենք, բայց մինչև աշխատանքներն սկսելը կպահանջվի որոշակի ժամանակ։
Մենք բնական գազ ենք ներկրում 5 երկրից (Ռուսաստան, Իրան, Ադրբեջան, Ալժիր, Նիգերիա.- 1in.am) և ներկայումս ցանկանում ենք այդ ցանկը համալրել ևս մեկով՝ Եգիպտոսով՝ գազամատակարար երկրների թիվը հասցնելով 6-ի։ Մենք նաև դիտարկում ենք հեղուկ գազի արտահանման ոլորտում համատեղ նախագծերի իրագործումը։
Թուրքիան և Եգիպտոսը ստորագրել են էներգետիկ ոլորտին առնչվող երկու հուշագիր։ Դրանցից մեկը վերաբերում է գազի արդյունահանմանը, իսկ երկրորդը՝ համատեղ էլեկտրական ցանցի ստեղծմանը։ Վերջինս ստեղծվելու է 7-8 տարվա ընթացքում և կմիավորի Թուրքիան, Սիրիան, Լիբանանը, Պաղեստինը, Եգիպտոսը և Լիբիան»։
Հիշեցնենք, որ U.S. Geological Survey-ի տվյալներով՝ Միջերկրական ծովի մայրցամաքային շելֆում (Սիրիայից մինչև Եգիպտոս) առկա է նվազագույնը 40 տրիլիոն խորանարդ մետր գազ և ավելի քան 4.2 տրիլիոն բարել նավթ։
Թուրքիան ներկայումս փորձում է խոչընդոտել Կիպրոսի և Իսրայելի՝ բացառապես տնտեսական գոտում գազի ու նավթի որոնողական աշխատանքներին։







































