Ամերիկյան Apple ընկերությունը, որը հայտնի է iPhone հեռախոսների արտադրությամբ, Ֆրանսիայում հետ է կանչում բջջային հեռախոսների համար նախատեսված հավելվածը, որը կոչվում է «Հրեա՞ ես, թե՞ ոչ»: Հավելվածը թույլ է տալիս պարզել՝ արդյոք այս կամ այն հայտնի մարդը` դերասանը, մարզիկը, քաղաքական գործիչը, ունի հրեական արմատներ: Այս մասին հաղորդում է BBC-ն:
SOS Racism ֆրանսիական իրավապաշտպան կազմակերպությունը հայտարարել է, որ այս հավելվածը հակասում է երկրի օրենքներին, որոնք արգելում են անձնական տվյալների տարածումը՝ առանց տվյալ անձի համաձայնության:
Այդուհանդերձ, հավելվածը դեռ ազատ տարածվում է Ֆրանսիայի սահմաններից դուրս: Այդ հավելվածի հեղինակը, որն ինքն ազգությամբ հրեա է, ասել է, որ ստեղծել է այն «զվարճանքի համար»: