Ադրբեջանի միլի մեջլիսը նոյեմբերի 21-ին ընդունել է հայտարարություն ԱՄՆ դեմ: Սա գուցե հնչի անեկդոտանման, բայց համենայն դեպս փաստ է: Միլի Մեջլիսի հայտարարության մեջ ամենից ուշագրավն այն է, որ Ադրբեջանի խորհրդարանը հայտարարում է, թե Վաշինգտոնը կորցրել է վստահությունը որպես անաչառ ու հավասարակշռված միջնորդ: Սա նշանակում է վե՞րջ, Բաքուն այլեւս չի՞ բանակցելու Վաշինգտոնի հովանու ներքո եւ ամերիկյան այդ ձեւաչափը համարվում է այլեւս սպառված կամ փակվա՞ծ, թե՞ խորհրդարանի «ձեռքով» ընդունելով այդպիսի հայտարարություն, Ադրբեջանը փորձում է սակարկության դաշտ բացել գործադիր «ձեռքի» համար: Ըստ էության, տեսականում այդ կերպ Բաքուն գուցե փորձում է խաղալ այնպես, ինչպես խաղում են աշխարհի շատ երկրներ, հատկապես զարգացած քաղաքական համակարգով Արեւմուտքում:
Բայց, միթե՞ Ալիեւը կարող է խաբել որեւէ մեկին եւ ասել, թե Ադրբեջանի խորհրդարանը կարող է որեւէ հայտարարություն ընդունել իրենից անկախ: Անկասկած՝ ոչ: Սակայն, այստեղ կա մեկ այլ հարց, որը հրապարակային դաշտում շոշափվում է քիչ, թեեւ էական հանգամանքներից մեկն է: Ալիեւի իշխանությունը վաղուց ի վեր վերածվել է այսպես ասած բաց բաժնետիրական ընկերության եւ այդ ընկերությունում իրենց շահաբաժինն ունեն բոլոր այն երկրները, որոնք աշխույժ եւ անմիջական աջակցություն են ցուցաբերել նրան Արցախին տիրանալու եւ Հայաստանի հանդեպ գերակայություն ձեռք բերելու գործում: Իհարկե այստեղ առնվազն պասիվ-ռազմավարական ռեժիմում նա վայելել է նաեւ Արեւմուտքի աջակցությունը, սակայն դրանից պատկերը չի փոխվում, այլ՝ «հարստանում» է: Ադրբեջան պետությունն այսօր ըստ էության դարձել է մի մեծ «բաց բաժնետիրական նախագիծ», կամ՝ աշխարհաքաղաքական «փակ բաժնետիրական նախագիծ», որտեղ շահաբաժին ունեն խոշոր ուժային եւ ռեգիոնալ գրեթե բոլոր կենտրոնները, եւ նրանցից միաժամանակ ոչ ոք չունի հսկիչ փաթեթ, նույնիսկ Թուրքիան:
Այստեղ է Ադրբեջանի իշխանության ուժն ու թուլությունը: Այդ ուժը թույլ է տալիս ընդհուպ հայտարարություն ընդունել ԱՄՆ դեպ եւ խոսել կոշտ հռետորաբանությամբ, միեւնույն ժամանակ սակայն Ադրբեջանի բերանով փաստորեն բարբառում են այլ կենտրոններ եւ Նահանգների հետ նրանց համաձայնության գալու դեպքում Ալիեւը թերեւս առաջինն է զրկվելու Ադրբեջանի «կառավարչի» պաշտոնից: Նա անշուշտ դա լավ է հասկանում, պարզապես գտնվում է «թուլացած հաճույք ստանալու» ռեժիմում, քանի դեռ համաշխարհային պատերազմի ռեժիմում են այն խաղացողները, որոնք Ադրբեջան «նախագծի» ներկայիս «փակ բաժնետերերն» են: Սակայն, այդ հեռանկարն իհարկե չի սպասվում վաղը կամ մյուս օրը, եւ ինքնին այդպիսի հեռանկարը ամենեւին չի նշանակում, որ Հայաստանին դրանից սպասվում է վարդագույն հեռանկար: Եվ այդ իմաստով շատ ավելի առարկայական է, թե ինչ սպասումներ կարող են լինել մինչ այդ, երբ Բաքուն իրեն կարող է թույլ տալ Վաշինգտոնի միջնորդությանը տալ բացասական գնահատական, ընդ որում՝ գուցե նույնիսկ ոչ առանց Վաշինգտոնի թույլտվության:








































