Ռուսաստանի արտգործնախարարության Նոր մարտահրավերների և սպառնալիքների դեպարտամենտի տնօրեն Իլյա Ռոգաչովը հայտարարել է, որ Լիբիայում անհասկանալի պայմաններում անհետացել են զենիթահրթիռային համակարգեր, որոնք, ամենայն հավանականությամբ, հայտնվել են «Ալ-Կաիդայի» գրոհայինների ձեռքում: Այս մասին հայտնում է BBC-ն:
«Լիբիայում անհասկանալի բաներ են կատարվում: Զինապահեստներից անհետացել են հրթիռներ, և հայտնի չէ, թե դրանք որտեղ են: Հնարավոր է, որ հրթիռները ձեռք են բերել «Ալ-Կաիդայի» տեղական մասնաճյուղի գրոհայինները»,- ասել է Ռոգաչովը:
Ռուս դիվանագետի խոսքերով` ահաբեկիչները կարող էին հրթիռներ ձեռք բերել դեռ գարնանը: Ըստ նրա` եթե զենիթային համակարգերը գտնվում են ահաբեկիչների ձեռքում, ապա նրանք կարող են տնօրինել Հյուսիսային Աֆրիկայի օդային ամբողջ տարածքը:











































