ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի ղեկավարությամբ Տավուշի մարզպետարանում անցկացված խորհրդակցությանը քննարկվեցին համայնքների սեփական եկամուտների հավաքագրման ընթացքի հետ կապված հարցեր:
Փոխվարչապետը խորհրդակցության մասնակիցների ուշադրությունը հրավիրեց ութ ամսվա հավաքագրումների մակարդակի վրա` հանձնարարելով աշխատել համայնքապետերի հետ և հորդորել, որ վերջիններս ավելի հետևողական աշխատանքներ իրականացնեն համայնքային բյուջեների կատարման և հատկապես հողի հարկի մասով ցուցանիշների բարելավման ուղղությամբ: Անդրադարձ եղավ նաև Նոյեմբերյանի հիվանդանոցի ֆինանսական վիճակին: Ա.Գևորգյանը տնօրինությանը հորդորեց միջոցներ ձեռնարկել իրավիճակը շտկելու ուղղությամբ և ապահովել հաստատության բնականոն գործունեությունը:
Այնուհետև ՀՀ գյուղատնտեսության նախարար Ս.Կարապետյանի, ՏԿՆ Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Ա.Անդրեասյանի, «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրեն Ս.Վիրաբյանի, «Հազարամյակի մարտահրավերներ հիմնադրամ-Հայաստան» ՊՈԱԿ-ի գլխավոր գործադիր տնօրեն Ա.Հովսեփյանի, համայնքների և կապալառու ընկերությունների ղեկավարների մասնակցությամբ քննարկվեցին մարզում իրականացվող ոռոգման ենթակառուցվածքների վերականգնման ծրագրերին առնչվող հարցեր: Նշվեց, որ Կոթիում ՀՀ կառավարության և Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի (IFAD) վարկային ծրագրի շրջանակում վերականգնված ինքնահոս համակարգի միջոցով հնարավոր է դարձել ոռոգել լրացուցիչ մինչև 1100 հա տարածք: ՋՕԸ-ի և համայնքների ղեկավարների մասնակցությամբ քննարկվեցին ոռոգելի դարձած հողատարածքներն առավել արդյունավետ օգտագործելու հնարավորությունները` հաշվի առնելով, որ ոռոգման սեզոնի ընթացքում ջրային աղբյուրների առավելագույն և նվազագույն քանակը զգալիորեն տատանվում է: Կարևորելով հողերի առավելագույն օգտագործման հանգամանքը` համայնքի ղեկավարներին հորդորեցին աշխատել գյուղացիական տնտեսությունների հետ` համաձայնեցված, խնայողաբար և հաշվենկատ ջրօգտագործում իրականացնելու համար:
Իջևանից փոխվարչապետը մեկնեց մարզի Լուսաձոր համայնք, որտեղ Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Դաֆինա Գերչևայի, «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի հայաստանյան ծրագրի տնօրեն Ալեքս Ռասինի հետ ներկա գտնվեց «Կոոպերատիվ խոհանոց» արտադրական կոոպերատիվի գործունեության մեկնարկի հանդիսավոր արարողությանը:
Փոխվարչապետը գոհունակություն հայտնեց համատեղ իրականացված ծրագրի արդյունքների առնչությամբ և կարևորեց հեռավոր համայնքներում նմանատիպ նախաձեռնությունների իրականացումը` նկատելով, որ դրանք բավական արդյունավետ են և լուծում են բնակչության զբաղվածության ու կենսամակարդակի բարելավման խնդիրները:
Լուսաձորում ավարտվել են նաև երրորդ կարգի ջրանցքի վերականգնման աշխատանքները: Սրանով «ՀՄՀ-Հայաստան» ՊՈԱԿ-ն ազդարարում է մարզում երրորդ կարգի ջրանցքների վերականգնման ծրագրի ավարտի մասին, որը ներառում էր յոթ համայնք: Ներտնտեսային ցանցի վերականգնումը համայնքներին հնարավորություն է տալիս ոռոգումը կազմակերպել ավելի արդյունավետ:







































