Ջերոմ Դևիդ Սելինջերի գրությունը, որն ուղղված է նրա սպասուհուն, վաճառքի է հանվել eBay համացանցում գործող առցանց աճուրդների կայքում: Գրությունն արված է Սելինջերի անվատառերով գրասենյակային թղթի վրա:
Գրությունն ունի հետևյալ բովանդակությունը. «Սիրելի Մերի, արձակուրդ գնալուց առաջ, խնդրում եմ, ստուգիր, թե արդյոք բոլոր հանձնարարականները կատարված են, որպեսզի ես ստիպված չլինեմ շեղվել տարբեր մանրուքների պատճառով: Շնորհակալություն»: Որոշ մասնագետներն այն «կծող» են համարում, քանի որ Սելինջերը սպասուհու ամբողջ գործը մանրուքներ է անվանել:
Գրությունը վաճառում է Histroy for Sale անվանումով կազմակերպությունը: Գրության համար սահմանված գինը 50 հազար դոլար է, քանի որ Սելինջերի ձեռագրերը հազվադեպ են: Սելինջերը 20-րդ դարի մեծագույն հեղինակներից մեկն է: Նրա ամենահայտնի ստեղծագործությունը՝ «Անդունդի եզրին, տարեկանի արտում» վեպը, համարվում է ամերիկյան գրականության նշանավոր երկերից:







































