Ադրբեջանի արտգործնախարար Բայրամովը Հայաստանին կոչ է անում լինել կառուցողական եւ բաց չթողնել Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի «պատմական հնարավորությունը»: Երեւանը պարբերաբար հայտարարում է, որ, եթե Բաքուն հավատարիմ լինի սկզբունքների առումով ձեռք բերած համաձայնություններին, ապա մինչեւ տարեվերջ պայմանագրի ստորագրումը կլինի իրատեսական: Ադրբեջանի հայտարարություններն ակնհայտորեն միտված են ցույց տալու, որ ապակառուցողականը Հայաստանն է, այլ ոչ թե Բաքուն: Սա խոսում է այն մասին, որ Ադրբեջանը չունի խաղաղության պայմանագրի ստորագրման որեւէ մտադրություն, քանի դեռ չի բավարարել իր բոլոր պայմանները:
Սակայն, այստեղ կա մեկ այլ հանգամանք:Եզրակացնել, որ բոլոր պայմանները բավարարելու դեպքում Բաքուն ստորագրելու է համաձայնագիրը՝ թերեւս նույնպես չի արտացոլի իրականությունը: Բոլոր պայմանները բավարարելու դեպքում, ստանալով այդպիսի բավարարում կամ համաձայնություն, Ադրբեջանը թերեւս առաջ կքաշի նոր պայմաններ, ձգտելով արդեն ստանալ նաեւ դրանց բավարարումը: Եվ այդպես շարունակ, համենայն դեպս քանի դեռ կա այն աշխարհաքաղաքական միջավայրը, որում ուժային կենտրոնները մրցակցում են համաշխարհային տնտեսական ռեսուրսների, լոգիստիկ ենթակառուցվածքների, ռազմա-քաղաքական ազդեցության համար: Քանի դեռ բաց է այդ մրցակցության հարցը եւ չկա պայմանավորվածություն այդ ուժային կենտրոնների միջեւ, այդ թվում նաեւ Կովկասի հարցում, Ադրբեջանը ձգտելու է ստանալ առավելագույնը՝ առնվազն քաղաքական օրակարգի մասով: Հարցն այն չէ, որ Բաքուն կհարձակվի Հայաստանի վրա:
Իհարկե կա նաեւ այդ՝ ռազմական ճանապարհով նոր տարածքներ օկուպացնելու վտանգը, բայց Ադրբեջանը դնում է ոչ միագիծ խնդիրներ եւ այդ շարքում հիմնականը քաղաքական օրակարգի առումով Հայաստանին ավելի ու ավելի ծանրաբեռնելն է: Իսկ դրա համար պետք է ավելի ու ավելի լղոզել որեւէ խաղաղության պայմանագրի հեռանկար, եթե կա դա անելու միջազգային միջավայր, հընթացս փորձելով այդ միջավայրում ուժային կենտրոնների միջեւ սակարկությունների շնորհիվ ավելացնել ճնշումը Հայաստանի վրա: Երեւանը փորձում է հակազդել Ադրբեջանի այդ խաղին, մի կողմից անել առավելագույնը ռազմական էսկալացիայի ռիսկերը կանխարգելելու եւ կառավարելու համար, որպեսզի այդ կերպ էլ արգելակվի քաղաքական պայմաններ եւ օրակարգ թելադրելու ադրբեջանական մարտավարությունը: Ինչպիսին է այդ գործում Երեւանի արդյունավետությունը: Այս հարցի պատասխանն է ընթացիկ ռեժիմում գլխավորը, ու միաժամանակ դժվար չափելին:










































