ՀՀ Կենտրոնական բանկի և «Հայփոստի» անմիջական մասնակցությամբ, Հայաստանի պատմության թանգարանում ՀՀ անկախության 20-րդ տարեդարձի միջոցառումների շրջանակում բացվել են «Հայաստանի Հանրապետության նամականիշները» և «Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի հուշադրամները» ժամանակավոր ցուցահանդեսները: Ներկայացված են 1991-2011 թվականներին թողարկված հուշադրամների և նամականիշների նմուշներ:
ՀՀ անկախության 20-ամյակի առիթով թողարկվել է երկու նամականիշ, որոնցից մեկի վրա պատկերված է Հայաստանի Հանրապետության պետական զինանշանը և եռագույնը, իսկ մյուսը ներկայացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական զինանշանը և պետական դրոշը: Յուրաքանչյուր նամականիշ տպագրվել է 40 000 օրինակով` 330 և 380 անվանական արժեքներով: Շրջանառության մեջ են դրվելու 2011 թ. սեպտեմբերի 13-ից:
Հայաստանի Հանրապետության անկախության 20 տարիների ընթացքում ՀՀ Կենտրոնական բանկը թողարկել է շուրջ 150 հուշադրամ: ՀՀ անկախության 20-ամյա հոբելյանին նվիրված այս ցուցադրությունում ներկայացված են շուրջ 4 տասնյակ ոսկե և 100 արծաթե հուշադրամներ, այդ թվում՝ Հայոց չորս թագավորությունների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության 10, 15, և 20-ամյակներին նվիրված հուշադրամները:
Ցուցադրությունում թեմատիկ բաժանումներով ներկայացված են նաև անվանի անհատներին, հուշարձաններին, Հայաստանի մշակույթին, պատմությանը, Հայաստանի բուսական և կենդանական աշխարհին, ինչպես նաև տարբեր սպորտային իրադարձություններին նվիրված հուշադրամներ:







































