Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի շրջանակներում Երևանի կոնյակի գործարանի գործադիր տնօրեն Արա Գրիգորյանը ներկայացրել է ֆինանսական տարվա ամփոփումը:
Ամփոփելով 2010-2011 ֆինանսական տարին (հուլիս 2010-հունիս 2011)՝ Երևանի կոնյակի գործարանը արձանագրել է վաճառքի 9.4% աճ, ինչը վկայում է տվյալ ժամանակահատվածին նախորդող ֆինանսատնտեսական ճգնաժամի նահանջի մասին: Այդուհանդերձ, շուկայի վերականգնման դանդաղ տեմպերը դեռևս թույլ չեն տվել ապահովել վաճառքի նախաճգնաժամային շրջանի` 2008-2009 տարվա ցուցանիշները: Այսպես` 2010-2011 վաճառքի ցուցանիշները մոտ 25%-ով զիջում են 2008-2009-ին արձանագրված ցուցանիշներին:
Նշենք, որ, չնայած 2010-2011 ֆինանսական տարում վաճառքի 10% աճին, ընկերության շահույթը նախորդ տարվա համեմատ նվազել է մոտ 25%-ով: Նման պատկերը պայմանավորված է մի շարք շուկաներում ստանդարտ սեգմենտի գների իջեցման հարկադրված քայլով: Գնային այս քաղաքականության նպատակն է խթանել ապրանքի արագ սպառումը արտադրական տարաները դատարկելու համար, ինչն էլ թույլ տվեց ԵԿԳ-ին այս տարի մթերել տարվա սկզբին նախատեսված ծավալներից կրկնակի շատ խաղող:
ՀՀ անկախության 20-ամյակի կապակցությամբ Երևանի կոնյակի գործարանը սահմանափակ խմբաքանակով հատուկ կթողարկի «Հայաստան» կոնյակը, որը պատրաստվել է անկախության հռչակման տարեթվին մթերված խաղողի սպիրտներից:
Այս տարի ընկերությունը նախատեսում է նաև լեգենդար «Դվին» կոնյակի վերաթողարկումը:












































