Լրագրողների հետ հանդիպմանը Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի նորընտիր ռեկտոր Արա Ավետիսյանն, անդրադառնալով կրթույթյան ոլորտի առկա խնդիրներին ասաց, որ մեր երկրում իրականացվում է հստակ քաղաքականություն: Անդրադառնալով բուհ ընդունվող դիմորդների ցածր թվին` ռեկտորն ասաց, որ առաջին կուրս է ընդունվել 91 դիմորդ` մոտ 270-ից:
Դասախոսական կազմի կրճատում չի եղել: Ինչ վերաբերում է թույլ ուսանողներին բուհերում պահելու փաստին, ապա պարզաբանեց, որ հենց երեկ ավարտված լուծարային շրջանի արդյունքում ունեցել են երկու փուլից բուհից ազատվողներ` մոտ երեսուն հոգի: ՀՊՃՀ-ն շատ բարձր ավանդույթներով մի հաստատություն է, որի աշխատանքից շատ բան է կախված: Նրա խոսքով` «բուհում աշխատանքն ամենօրյա կոնկրետ գործողություններ են», և իրենք բավական հաջող են ինտեգրվել զարգացող շուկայի խնդիրներին, պատրաստում են մասնագետներ գրեթե բոլոր ոլորտների համար: «Այստեղ պատրաստված կադրերը պետք է պատրաստ լինեն շուկան բարեփոխել»,- ասաց նորընտիր ռեկտորը: Նրա խոսքով` առավել բարվոք վիճակում են հեռահաղորդակցության , ՏՏ ոլորտի , էներգետիկ ոլորտների հետ առնչվող ու պահանջարկ ունեցող մասնագիտությունները:
Ավետիսյանը կարևորեց համագործակցությունը «Սինոփսիս Արմենիայի» հետ, իրենց համատեղ ծրագրերը: «Լուրջ աշխատանքներ կան` ընդլայնելու հանքարդյունաբերական ոլորտի հետ կապերը»,- նշեց նա` ընդգծելով, որ մոտ ժամանակներս կհամալրվեն բուհի լաբորատորիաները: Ռեկտորը կարևորեց նաև քիմիական արդյունաբերության դերը` երկրի հետագա զարգացման մեջ:











































