Խորհրդարանի Հայաստան խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանը վայր է դնում խորհրդարանական մանդատը: Արմեն Չարչյանն ինչպես հայտնի է բուժհաստատության ղեկավար է, բժիշկ, 2021 թվականի արտահերթ ընտրության շրջանում նա դարձավ աղմկոտ պատմության հեղինակ, երբ հայտնվեց ձայնագրություն, թե նա ինչպես է իր ղեկավարած բուժհաստատության կոլեկտիվին հորդորում քվեարկել ընտրությանը, որին մասնակցում էր Հայաստան դաշինքի կազմում՝ որպես պատգամավորի թեկնածու: Այդ պատմությունը դարձավ քրեական գործի առարկա, Չարչյանը կալանավորվեց, հետո ազատ արձակվեց: Այս «ներածությունը» պարզապես նախապատմության կամ տեղեկանքի համար չէ, այլ արտացոլում է իրողությունների այն տարբերությունը,որ առկա էր Հայաստանում 2021 թվականի հունիսին և այսօր՝ 2023 թվականի աշնանը: Խոսքը բնականաբար աշխարհաքաղաքական կամ ռազմա-քաղաքական իրողությունների մասին չէ, այլ այսպես ասած ներքաղաքական, թեև իհարկե խոսք չկա այն մասին, որ էլ ավելի հիմնարար տարբերություն կա աշխարհաքաղաքական, ռազմա-քաղաքական իրողությունների պարագայում: Այդ առումով սակայն, ներքաղաքական իրողությունների տարբերության հանգամանքը դառնում է առավել էական:
Ներկայումս, այն ուժերը, որոնք 2021 թվականին մասնակցել են արտահերթ ընտրությանը արմատական ընդդիմության դիրքից, ենթարկվել են արմատական ծավալի վերափոխումների: Հարցը լոկ մանդատը վայր դրած պատգամավորների թիվը չէ, որ առկա է խորհրդարանական ընդդիմության շարքերում, այլ այն գործընթացները, որոնք հանգեցրել են տարբեր պատճառներով այդ քայլերին: Ընդհուպ Երևանի քաղաքապետի՝ դե յուրե համայնքային, իսկ դե ֆակկտո գրեթե համապետական ընտրության նշանակություն ունեցող գործընթացը վկայեց, որ Հայաստանը խորհրդարանի արտահերթ ընտրությունից երկու տարի անց գտնվում է հիմնավորապես այլ քաղաքական իրողությունների ռեժիմում: Իսկ դա իր հերթին նշանակում է, որ Հայաստանում կա քաղաքական մի իրավիճակ, իսկ Հայաստանի քաղաքական իրողությունների թիվ մեկ հայելին՝ արտացոլում է բոլորովին այլ պատկեր: Իհարկե Հայաստանի խորհրդարանը գործնականում բոլոր ժամանակներում է եղել քաղաքականության «ծուռ հայելի», բացառությամբ թերևս 1990-95 թվականների Գերագույն Խորհրդի, որն իր քաղաքական կարգավիճակով և մակարդակով ըստ էության Հայաստանի նորագույն պատմության մեջ շարունակում է մնալ բացառիկ, բայց Հայաստանի շուրջ մեղմ ասած ոչ բոլոր ժամանակներում, իսկ պարզ ասած՝ երբեք չի եղել այնպիսի բարդ ու գերջանք պահանջող ռազմա-քաղաքական իրավիճակ, աշխարհաքաղաքական միջավայր, որ գոյություն ունի այսօր:
Հետևաբար, առկա, այսպես ասած շրջակա քաղաքական միջավայրի և ներքաղաքական միջավայրի համարժեքությունը դառնում է ազգային անվտանգության հրամայական: Իսկ այդ համարժեքության համար էական է դառնում ներքաղաքական բուն իրողությունների և ներքին քաղաքականության հայելու կարգավիճակ ունեցող խորհրդարանի պատկերների համապատասխանությունը: Այլապես, ստացվում է իրավիճակ, որ պետական կարևորագույն ինստիտուտը որևէ կերպ չի համապատասխանում այդ պետության մեջ գոյություն ունեցող քաղաքական իրողություններին, էլ չասած պահանջվող քաղաքական որակների մասին, ընդ որում թե կառավարող մեծամասնության, թե ընդդիմադիր փոքրամասնության առումով: Համապատասխանության վերականգնման միջոցը ընտրությունն է, նոր ընտրության խնդիրը: Իհարկե, ոչ միայն չկա երաշխիք, որ նոր ընտրությունը կարող է էապես տարբերվել 2021-ից՝ թե ուժերի հարաբերակցությամբ, թե որակով: Այդուհանդերձ, Հայաստանում քաղաքական իրողությունների տրանսֆորմացիան հասել է մի աստիճանի՝ և իրական և խորհրդաևանական պատկերների այնպիսի տարբերության, որ Հայաստանի համար կարող է ավելի ու ավելի մեծ ու անթույլատրելի «շքեղություն» լինել այդ աստիճանի տարբերության ռեժիմով մինչև 2026 թվական ապրելը:








































