Երեկ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը ներկայացրել է կրոնական ազատությունների վերաբերյալ ԱՄՆ պետքարտուղարության զեկույցը, որտեղ անդրադարձ կա նաև Հայաստանում այս ոլորտում տեղի ունեցող զարգացումներին և բացթողումներին:
Նշվում է, որ չնայած ՀՀ Սահմանադրությամբ կրոնական ազատությունները պաշտպանվում են, այդուհանդերձ, այլ օրենքներ սահմանափակում են կրոնական փոքրամասնությունների անդամների ազատությունները: Զեկույցում ասվում է, որ կառավարությունը սահմանափակումներ չի մտցնում կրոնական ազատությունները համար: Հայաստանում ընթացիկ տարվա ընթացքում կրոնական ազատությունների հարգանքի տեսակետից փոփոխություններ տեղի չեն ունեցել:
Սակայն եղել են տեղեկություններ կրոնական հենքի վրա կիրառվող խտրականության վերաբերյալ: Նշվում է, որ, օրենքի համաձայն, անհրաժեշտություն չկա գրանցելու կրոնական կազմակերպությունները, սակայն նրանք իրավական կարգավիճակ ստանում են միայն գրանցվելուց հետո: Չգրանցված կազմակերպություններն իրավունք չունեն տպագրելու թերթեր, որոնց տպաքանակն անցնում է 1000-ից, տարածքներ վարձակալել, հեռուստահաղորդումներ ունենալ և այլն: Գրանցվելու համար կազմակերպությունը պետք է ազատ լինի նյութական տեսակետից, ունենա առնվազն 200 չափահաս անդամ, ինչպես նաև դոկտրին, որը հիմնված է պատմականորեն ճանաչված սուրբ գրքի վրա: Զեկույցում ասվում է, որ ՀՀ կառավարությունը չի մերժել ոչ մի կազմակերպության, որը դիմել է գրանցման համար:
Նշվում է, որ Սահմանադրությամբ Հայ Առաքելական եկեղեցուն հատուկ կարգավիճակ է տրված, իսկ օրենքը առավելություններ է տալիս նրան՝ ի տարբերություն մյուս կրոնական կազմակերպությունների: Զեկույցում անդրադարձ կա նաև եկեղեցու դերակատարությանը սոցիալական փոխհարաբերություններում, նրա ներկայությանը դպրոցներում, բանակում, հիվանդանոցներում և այլն: Նշվում է, որ այն ուսուցիչների և աշակերտների նկատմամբ, որոնք նեգրավված են այլ կրոնական կազմակերպություններում, գոյություն ունի բացասական վերաբերմունք:
Խոսվում է մասնավորապես Եհովայի վկաներ կազմակերպության ունեցած սահմանափակումների վերաբերյալ, երբ այդ կազմակերպությանը մերժվում են հավաքների անցկացման համար դահլիճներ վարձելու հայտերը մասնավոր անձանց և պետական մարմինների կողմից: Որոշ տեղեկությունների համաձայն, այդ կազմակերպություններն ու կառույցները տարածքները չտրամադրելու համար ճնշման են ենթարկվում Հայ Առաքելական եկեղեցու կողմից: Ընթացիկ շրջանում ՀՀ բանտերում են գտնվել Եհովայի վկաներ կազմակերպության 73 անդամներ, որոնք հրաժարվել են զինվորական ծառայություն անցնել:
Զեկույցում նշվում է, որ Հայստանի հասարակության մեծամասնության շրջանում բացասական վերաբերմունք կա կրոնական այլ կազմակերպությունների նկատմամբ: Օրինակ՝ հոկտեմբերի 19-ին վնասվել էր Ցեղասպանություններին նվիրված հուշարձանի հրեական մասը, որտեղ գրված է եղել «մահ հրեաներին»: Այդուհանդերձ հրեական համայնքը նշել է, որ դա խուլիգանություն է, քանի որ Հայաստանում հակասեմականության դրսևորումներ գոյություն չունեն:
Վերջում անդրադարձ կա ԱՄՆ կառավարության և ՀՀ կառավարության միջև այս խնդրով փոխգործակցության հարցերին:












































