Այս տարվա սկզբին պարզ դարձավ, որ Քըրք Քըրքորյանը որոշել է լուծարել Հայաստանում 22 տարիների ընթացքում մոտ 1 միլիարդ դոլարի բարեգործական ծրագրեր իրականացրած «Լինսի» հիմնադրամը:
Ինչպես հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը, հիմնադրամի հաշվի վրա գտնվող վերջին 200 միլիոն դոլարը ոչ թե Հայաստանին, այլ Կալիֆորնիայի համալսարանի Լոս Անջելեսի մասնաճյուղին նվիրաբերելու մասին որոշումը խոսակցություններ է առաջացրել այն մասին, որ Քըրքորյանը «նեղացել է» Հայաստանի իշխանություններից:
«Լինսի» հիմնադրամի նախկին փոխնախագահ Հարութ Սասունյանը հայտնել է, որ Քըրքորյանի որոշումը վաղուց է կայացվել և կապ չունի Հայաստանի իշխանությունների հետ: «Ինքը գոհ է ծրագրերից, ոչ մի բանից չի նեղացել, մի անգամ եկել է Հայաստան, աչքով տեսել է: Շատ ուրախ է, որևէ դժգոհություն չկա»` հայտնել է Սասունյանը:







































